ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՎԱՏԱՄՔԸ՝
1) անվտանգությունը պետության (օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, կենտրոնական կառավարության ու տեղական ինքնակառավարման մարմինների), հասարակության, նրանց հանրակարգերի ու համակարգերի (պաշտպանական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, տեղեկատվական և այլն), ինչպես նաև քաղաքացու համար ներքին ու արտաքին միջավայրերի՝ որև
է սպառնալիքից ազատության վիճակն է.
2) երկրի ինքնիշխանությունը, ինքնիշխան քաղաքականություններ վարելու ազատությունը, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ողջամիտ ու մարդակենտրոն հանրային քաղաքականություններ կյանքի կոչելու կարողությունը, գիտակից, ինքնորոշված, իրավատեր և ռիսկերից ապահովագրված քաղաքացին ու հասարակությունը ազգային անվտանգության թե’ առարկա, թե’ ցուցիչ, թե’ անկյունաքարեր են.
3) երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունները, պետության, հասարակության և քաղաքացու, ինչպես նաև՝ հասարակական համակարգերի անվտանգությունները սերտորեն փոխկապակցված ու փոխլրացնում են միմյանց.
4) գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները ազդում են երկրի ներքին կայունության ու ազգային անվտանգության վրա և հակառակը.
5) անվտանգության քաղաքականությունը ոչ միայն նշված օբյեկտների համար առկա և հնարավոր սպառնալիքների ու վտանգների կառավարումն է՝ դրանք կանխատեսելու, մեղմելու կամ չեզոքացնելու գործառույթների միջոցով, այլև ազգային զարգացման ու առաջընթացի (քաղաքական, տնտեսական, սոցիալական, հասարակական, մշակութային, մարդկային և այլ) ապահովումն է.
6) հասարակությունն ու անհատը ոչ միայն անվտանգության սպառող են, այլև կարող են հանդես գալ որպես դրա ապահովող, երբ գիտակցում, զարգացնում և իրացնում են իրենց ներուժը, գիտելիքը և իրավունքը՝ նպաստելով կայուն զարգացող, ժողովրդավարական Հայաստանի անվտանգության ամրապնդմանն ու առաջընթացին և կայուն տարածաշրջանի հեռանկարի իրագործմանը.
7) հանրության և քաղաքացիների առավելագույն տեղեկացվածությունն ու իրազեկվածությունը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության վրա ազդող ներքին ու արտաքին զարգացումներից, նրանց մասնակցությունը հասարակական-քաղաքական օրակարգի ձևավորմանն ու որոշումների կայացմանը անվտանգության ապահովման և ժողովրդավարական կառավարման կարևոր տարր է.
8) պետության, հասարակության, նրանց համակարգերի ու հանրակարգերի, ինչպես նաև՝ քաղաքացու անվտանգության վրա ազդող գործընթացների վրա պետք է ներազդել այնտեղ և երբ պետք է, այն մարդկանցով և հանրակարգերով, որոնք կարղ են, այն ձևով ու մեթոդներով, որոնք համաչափ են օբյեկտի և իրավիճակի զգայունություններին.
9) միջազգային ու ազգային հարցերում որոշումների ընդունումը պետք է հենվի վստահելի, հիմնավոր և ծանրակշիռ հետազոտությունից բխող իմացության և գիտելիք վրա.
10) իշխանության մասին մարդկանց իմացության սահմանների ընդլայնումը նրանց օժտում է գիտելիքի իշխանությամբ և գործընթացների վրա ազդելու կարողությամբ: