06/10/2026
🔴 Լևոն Զուրաբյան․ «Մեզ խոսքի իրավունքից զրկողներին կասեմ՝ փախեք»
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով ընտրություններից հետո հնչող այն կարծիքներին, թե քիչ ձայն հավաքած քաղաքական ուժերը չունեն հանրային խոսքի իրավունք։
«Բոլոր խոսակցությունները, թե իբր, քանի որ մենք քիչ ձայն ենք հավաքել, ապա իրավունք չունենք խոսելու, կատարյալ անբարոյական հիմարություն են»,- հայտարարել է Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ ճշմարտությունը չի որոշվում քվեարկությամբ, և պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ մեծամասնությունը սխալվել է, իսկ փոքրամասնությունը՝ ճիշտ դուրս եկել։
Զուրաբյանը հիշեցրել է, որ 2017 թվականին Հայաստանում լայն տարածում ուներ այն համոզմունքը, թե Արցախի հարցով Մինսկի խմբի առաջարկների ընդունումը դավաճանություն է, սակայն հետագա զարգացումները, ըստ նրա, այլ պատկեր են ցույց տվել։
ՀԱԿ փոխնախագահը նաև նշել է, որ իշխանության գալու ժողովրդավարական մեխանիզմը ինքնին չի նշանակում, թե տվյալ քաղաքական ուժը կամ գաղափարախոսությունը ճիշտ է։
«Մեր խոսքը պակաս ճշմարտացի չի դառնում միայն այն պատճառով, որ քիչ ձայն ենք ստացել։ Ցավոք սրտի, պատմությունը նորից ապացուցելու է մեր նախազգուշացումների և առաջարկված լուծումների ճշմարտացիությունը»,- ասել է նա։
Զուրաբյանը հայտարարությունն ավարտել է հետևյալ խոսքերով.
«Իսկ մեզ խոսքի իրավունքից «զրկողներին» կասեմ՝ փախեք, մենք խոսելու ենք և հասցնելու ենք ճշմարտությունը մեր ժողովրդին»։