20/10/2026
📣📣
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 14-ին՝ Սվետիցխովլոբա տոնի առիթով տեղի ունեցած միջոցառման ընթացքում, Ռուիսի-Ուրբնիսի թեմի առաջնորդ, միտրոպոլիտ Իոբը (Աքիաշվիլի), հայերի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին հնչեցրել է վիրավորական ու պառակտիչ արտահայտություններ։
Հայ հավատացյալներին «հերետիկոսներ» որակելը և նրանց կրոնական ինքնությունն ու դավանանքը վիրավորող արտահայտություններ հնչեցնելը հակասում են քրիստոնեական սիրո, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և եղբայրության ոգուն։
Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ նման արտահայտությունների հեղինակը ոչ թե շարքային հոգևորական է, այլ Վրաց Ուղղափառ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներից մեկը՝ միտրոպոլիտ, որը 2026 թվականի ապրիլի 28-ին Սուրբ Սինոդի որոշմամբ ընդգրկվել էր Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի գահի երեք թեկնածուների շարքում։
Այսինքն՝ խոսքը մի հոգևորականի մասին է, որը հավակնում էր գլխավորելու Վրաց Ուղղափառ Եկեղեցին և կարող էր դառնալ ամբողջ Վրաստանի հոգևոր առաջնորդը։
Հենց այս հանգամանքն է տեղի ունեցածին հաղորդում առանձնահատուկ լրջություն և առաջացնում առավել մեծ մտահոգություն։ Նման բարձր դիրք զբաղեցնող հոգևորականի հրապարակային խոսքն ունի ազդեցություն և ենթադրում է պատասխանատվության համապատասխան աստիճան։ Հատկապես կրոնական և ազգային զգայուն հարցերում հոգևոր առաջնորդի խոսքը պետք է ծառայի հասարակության համախմբմանը, այլ ոչ թե տարբեր քրիստոնեական համայնքների միջև անհանդուրժողականության խորացմանը։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քրիստոնեական աշխարհի հնագույն առաքելական եկեղեցիներից է, որի պատմությունը սկիզբ է առնում դեռևս առաջին դարից՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունից։ 301 թվականին Հայաստանը դարձավ աշխարհում առաջին պետությունը, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր ինքնության, դարավոր պատմության և հավատքի անբաժանելի մասն է, այլև համաշխարհային քրիստոնեական ընտանիքի պատմական և հեղինակավոր եկեղեցիներից մեկը։
Դրա վկայությունն է նրա դարավոր ներկայությունն ու հաստատված դիրքը քրիստոնեական աշխարհի կարևորագույն հոգևոր կենտրոններում։
Երուսաղեմում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի սեփական պատրիարքությունը և Հույն Ուղղափառ ու Հռոմեական Կաթոլիկ եկեղեցիների հետ միասին հանդիսանում է Սուրբ Հարության տաճարի երեք հիմնական իրավատեր և պատասխանատու եկեղեցիներից մեկը։ Սա քրիստոնեական աշխարհի ամենասրբազան վայրերից մեկում նրա պատմական և իրավական դիրքի վկայությունն է։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ իր հոգևոր կառույցներն ու համայնքներն է պահպանել Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում, այդ թվում՝ Իրանում, Լիբանանում, Սիրիայում և Երուսաղեմում։ Հատկանշական է, որ նույնիսկ իսլամական Իրանում հայ քրիստոնյաները սահմանադրորեն ճանաչված կրոնական փոքրամասնություն են՝ սեփական եկեղեցական և համայնքային կառույցներով։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին 1962 թվականից անդամակցում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 1977 թվականից՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովին՝ մասնակցելով միջազգային միջեկեղեցական երկխոսությանը։
Ավելին, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը 2025 թվականի հուլիսին հրապարակած պաշտոնական հայտարարության մեջ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին բնութագրել է որպես համաշխարհային քրիստոնեական ընտանիքի անփոխարինելի անդամ՝ ընդգծելով նրա հոգևոր, մշակութային և պատմական նշանակությունը։
Այս ամենը հիշեցնում ենք ոչ թե որևէ եկեղեցու կամ դավանանքի նկատմամբ գերակայություն հաստատելու նպատակով, այլ ընդգծելու համար, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արժանապատվությունը, պատմական ժառանգությունն ու դավանական ինքնությունը չեն կարող դառնալ հրապարակային նվաստացման կամ վիրավորանքի առարկա։
Մենք լիովին գիտակցում ենք, որ քրիստոնեական եկեղեցիների միջև գոյություն ունեն դավանաբանական և աստվածաբանական տարբերություններ։ Սակայն դրանց գոյությունը որևէ կերպ չի արդարացնում այլ եկեղեցու հետևորդների նկատմամբ վիրավորական վերաբերմունքը։ Աստվածաբանական տարաձայնությունները պետք է քննարկվեն փոխադարձ հարգանքի և միջեկեղեցական երկխոսության շրջանակներում։ Մենք դատապարտում ենք ցանկացած հրապարակային խոսք, որը նվաստացնում է հայ հավատացյալներին, վիրավորում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կամ կասկածի տակ դնում այլ քրիստոնեական համայնքի արժանապատվության իրավունքը։
Միաժամանակ մեր մտահոգությունն ենք հայտնում, որ նման բնույթի արտահայտությունները, հատկապես երբ հնչում են բարձրաստիճան հոգևորականների կողմից, կարող են բացասաբար անդրադառնալ Վրաստանում դարեր շարունակ կողք կողքի ապրող հայ և վրացի ժողովուրդների փոխադարձ վստահության և կրոնական համերաշխության վրա։
Հայ և վրացի ժողովուրդները կապված են քրիստոնեական պատմությամբ, մշակութային ժառանգությամբ և դարավոր հարևանությամբ։ Այդ հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումը պահանջում են պատասխանատու վերաբերմունք, առաջին հերթին՝ նրանցից, ովքեր կոչված են քարոզելու քրիստոնեական սեր և եղբայրություն։
Ակնկալում ենք, որ Վրաց Ուղղափառ Եկեղեցու պատրիարքարանը և Սուրբ Սինոդը պատշաճ ուշադրություն կդարձնեն տեղի ունեցածին, կգնահատեն հնչեցված արտահայտությունները և հանդես կգան հստակ դիրքորոշմամբ։
Մեր նպատակը հակամարտություն հրահրելը, կրոնական հակասություններ սրելը կամ հայ և վրացի ժողովուրդներին միմյանց հակադրելը չէ։ Ընդհակառակը՝ մենք համոզված ենք, որ փոխադարձ հարգանքն ու պատասխանատու երկխոսությունը երկու ժողովուրդների պատմական բարեկամության պահպանման կարևորագույն պայմաններից են։
Մեր պահանջը պարզ է՝ հարգանք, պատասխանատվություն և փոխադարձ արժանապատվություն։
Մենք հավատում ենք, որ քրիստոնեական արժեքները պետք է միավորեն մարդկանց, այլ ոչ թե բաժանեն նրանց։
Հայ համայնքի արժանապատվությունը սակարկման ենթակա չէ։ Հարգանքը պարտականություն է, ոչ թե արտոնություն։
Վրաստանի Հայ Համայնք հ/կ