29/09/2026
🕯️ 6 տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը։
📅 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի որոշ հատվածներում։ Ընդամենը մի քանի ժամում մի ամբողջ ժողովրդի կյանքը գլխիվայր շրջվեց։ Ի պատասխան այս ագրեսիայի՝ Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Քառասունչորս օր շարունակ ընթանում էին թեժ մարտեր։ Հրադադարի երեք փորձ արվեց, որոնք ձախողվեցին։
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով դադարեցվեցին ռազմական գործողությունները։ Այնուհետև Լեռնային Ղարաբաղում տեղակայվեց ռուսական զորախումբ՝ պաշտոնապես խաղաղությունը պահպանելու և տարածաշրջանի հայ բնակչությանը պաշտպանելու նպատակով։
ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 մարդ՝ 3755 զինծառայող և 78 քաղաքացիական անձ։
Առ այսօր անհայտ է մնում 191 մարդու ճակատագիրը, որոնցից 172-ը զինծառայող են, 19-ը՝ քաղաքացիական անձ։
Այս թվերից յուրաքանչյուրի հետևում կա մի անուն, մի դեմք՝ հաճախ պատանու, մի ընտանիք, մի պատմություն։
Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում 2020 թվականի պատերազմի մարտիկներին, մասնակիցներին, զոհվածներին և վիրավորներին, ողջ մնացածներին, նրանց ընտանիքներին և բոլոր նրանց, ում կյանքն անդառնալիորեն փոխվեց այս պատերազմի պատճառով։