09/07/2026
The Armenian Church in Harbin, China.
📌Հարբինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումը Չինաստանի և ողջ Հեռավոր Արևելքի հայության պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկն էր: Այն հանդիսանում էր համայնքի ոչ միայն հոգևոր, այլև ազգային ու մշակութային կենտրոնը:
Համայնքի ազդեցիկ անդամների (այդ թվում՝ ճարտարագետ Միքայել Տեր-Հովակիմովի) ջանքերով Արևելաչինական երկաթուղու տնօրինությունը Հարբինի կենտրոնական հատվածում (Մոդյագոու շրջանում) անվճար հողատարածք հատկացրեց հայկական եկեղեցու համար:
📌Եկեղեցու հիմնարկեքը կատարվեց 1923 թվականին: Շինարարությունն ընթանում էր տեղի հայերի նվիրատվություններով. խոշորագույն մուծումը կատարեց գործարար Խաչիկ Ասպետյանը: Ճարտարապետական նախագծի վրա աշխատել են տեղի հայ մասնագետները՝ պահպանելով հայկական ավանդական եկեղեցաշինության կանոնները (կենտրոնագմբեթ ոճ, քարե կառուցվածք)։
📌Եկեղեցու հանդիսավոր օծումը տեղի ունեցավ 1925 թվականի հոկտեմբերի 4-ին։ Այն անվանակոչվեց Հայոց հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: Եկեղեցու առաջին հոգևոր հովիվը դարձավ Տեր Եղիշե քահանա Տեր-Հովհաննիսյանը, ով հատուկ հրավիրվել էր Իրանից:
📌1950-ականների զանգվածային արտագաղթից հետո, երբ հայերը լքեցին Չինաստանը, եկեղեցին մնաց անմխիթար վիճակում: 1966 թվականին՝ չինական «Մշակութային հեղափոխության» (ռուս.՝ Культурная революция) տարիներին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ինչպես և քաղաքի բազմաթիվ այլ քրիստոնեական տաճարներ, ամբողջությամբ քանդվեց չինացի հունվեյբինների (կարմիր գվարդիականների) կողմից: Այսօր դրա տեղում կառուցված են բնակելի շենքեր: