«Գրադարան» մշակութային ակումբը հիմնադրվել է 2016 թ․ գարնանը մշակութային ոլորտի երիտասարդ ներկայացուցիչների կողմից որպես «Գրադարան» մշակութային նախաձեռնություն։
Ակումբն իր գործունեության ընթացքում իրականացրել է մի քանի տասնյակ միջոցառումներ՝ հասարակական իրազեկումներ, քննարկումներ, շնորհանդեսներ, բանախոսություններ և մշակութային հավաքներ։
Ակումբի գործունեության հիմնական ոլորտը սոցիալ-մշակութայինն է
։ Այն նպատակ ունի խթանել մշակույթի ոլորտի զարգացումը Հայաստանում և հարթակ հանդիսանալ երիտասարդ և սկսնակ մշակութային գործիչների համար։
«Գրադարան» մշակութային ակումբը բաղկացած է խորհրդից և կամավոր անդամներից։ Յուրաքանչյուր կամավոր անդամ իրավունք ունի ընդգրկվել խորհրդի կազմի մեջ՝ ելնելով ցուցաբերած ակտիվությունից և նախաձեռնողականությունից, իսկ խորհրդի կազմում ընդգրկումը հաստատվում է
խորհրդի անդամների կողմից։
Ակումբի խորհուրդը կազմում է ակումբի գործունեության ծրագրերը հավաքների միջոցով, որոնք կազմակերպվում են ակումբի կողմից առնվազն ամիսը մեկ անգամ։ Խորհրդի անդամների հավաքներին մասնակցելու իրավունք ունեն նաև կամավոր անդամները՝ նախապես խորհրդի անդամների համաձայնությունը ստանալով։
Խորհուրդը կազմում է գործունեության ծրագիր 3 ամսվա կտրվածքով։ Ծրագիրը կազմվում է ճկունության սկզբունքով և ենթակա է ընթացիկ փոփոխությունների։ Ծրագրի վերաբերյալ առաջարկություններով հանդես գալ կարող են նաև կամավոր անդամները՝ մասնակցելով խորհրդի հավաքներին։
Եռամսյա ծրագրերը գրվում են եռամսյակի ավարտից առնվազն 20 օր առաջ։
Ակումբը միաժամանակ նպատակ ունի իր գործունեության ընթացքում որևէ կերպ ներգրավել բուհական ուսանողներին, քոլեջների սաներին, դպրոցական աշակերտներին և, ըստ հնարավորության, նպաստել կրթական հաստատությունների ներսում մշակութային բջիջների ստեղծմանն ու գործունեության խթանմանը։