Գրապալատն իրականացնում է ամբողջ աշխարհում լույս տեսնող ամեն տեսակի հայկական հրատարակությունների օրինակների, հրապարակված նյութերի հավաքման, մշակման, գրանցման, հաշվառման և պահպանման աշխատանքները, իսկ սկսած 1925 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունում, ապա 1990-ականներից նաև սփյուռքում լույս տեսած ամեն տեսակի հրատարակությունների և մամուլի հրապարակումների մատենագիտական ընթացիկ "Հայ տպագրության տար
եգիրք" խորագիրը կրող մատենագիտական ցանկերի կազմումը և պարբերաբար` ամսական համարներով (տարեկան 12 համար) դրանց լույս ընծայումը, կազմում է (ընթացիկ և հետադարձ) մատենագիտության այլ ցանկեր և ժողովածուներ, ամփոփում ու հրապարակում Հայաստանի Հանրապետությունում լույս տեսած մամուլի և գրականության հրատարակությունների վերաբերյալ տարեկան հաշվետու վիճակագրություն:
Գրապալատի հարուստ գրապահոցում ամփոփված է 1920-ական թվականից Հայաստանում և սփյուռքում լույս տեսած տպագիր ամեն տեսակ նյութերի /գրքեր, թերթեր, ամսագրեր, նոտաներ, գեղարվեստական ալբոմներ, քարտեզներ, գիտաժողովների նյութեր, թատերական և մշակութային միջոցառումների ազդագրեր, ծրագրեր, հրավիրատոմսեր և այլն/ ավելի քան երեք միլիոն հաշվվող անձեռնմխելի արխիվային հավաքածու:
Գրապալատը հանրապետության միակ տպագիր արտադրանքի միջազգային ստանդարտ համարակալման՝ ISBN-ի (Գրքի միջազգային ստանդարտ համարակալման), ISMN-ի (Երաժշտական (նոտագրական) հրատարակությունների միջազգային ստանդարտ համարակալման) և ISSN-ի (Պարբերականների միջազգային ստանդարտ համարակալման)ազգային կենտրոնն է:
Իսկ 2007 թվականից սկսած Գրապալատը իրականացնում է հայ մշակույթի զարգացման համար խիստ էական մի նոր` Հայկական տառատեսակների մշակման, թվայնացման և պահպանման ծրագիր, որի նպատակը հայկական տառարվեստի պատմության, տառատեսակների կառուցվածքային առանձնահատկությունների ու ոճական յուրահատկությունների ուսումնասիրումն է և մշակութային արժեք ունեցող պատմական տառատեսակների հայտնաբերումը, դրանց թվայնացումը, նաև ժամանակակից հայկական տառատեսակների նախագծումն ու թվայնացումը:
Հայաստանի ազգային գրապալատը 2001 թվականին հանրապետությունում ձևավորված Հայաստանի գրադարանների Կոնսորցիումի հիմնադիր անդամներից է: Կոնսորցիումի անդամ հայաստանյան խոշոր գրադարանների հետ համատեղ, Գրապալատը մասնակցում է Հայաստանի գրադարանների միացյալ ավտոմատացված ցանցի ստեղծման ծրագրին և այդ ծրագրի շրջանակներում իրականացնում հայկական Համահավաք քարտարանի ազգային մատենագիտության բաժնի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները՝ մուտքագրելով սեփական հավաքածուներում 1920 թվականից առկա և մինչ այսօր Հայաստանում և սփյուռքում լույս տեսած հրատարակությունների մատենագիտական տվյալները:
93 տարի՝ գրեթե մեկ դարից մի փոքր պակաս, Գրապալատը հավատարիմ է իր կոչմանը, պատվախնդիր` իր պարտականությունների կատարմանը, անկախ շենքային անբարենպաստ պայմաններին ու աննախանձ՝ սովետ-միության նախկին հանրապետություններում մինչ այսօր հարմարավետ շենքերում ու ժամանակակից տեխնիկայով հագեցված բաժիններում գործող իր քույր Գրապալատներին: