17/09/2026
📢 Հանրային մասնակցության պաշտպանությունը սկսվում է բարձրաձայնողների իրավունքների պաշտպանությունից։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR) հրապարակել է հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի (SLAPP) վերաբերյալ նոր տեղեկատվական փաստաթուղթ՝ ընդգծելով իրավապաշտպանների, լրագրողների, բնապահպան ակտիվիստների և հանրային շահի պաշտպանության համար հանդես եկող այլ անձանց նկատմամբ չարաշահող դատական գործընթացների վտանգները։
Փաստաթղթում ներկայացված են մի շարք կարևոր առաջարկություններ, այդ թվում՝
🔹 SLAPP-երի դեմ արդյունավետ օրենսդրական երաշխիքների ներդրում,
🔹 Չարաշահող դատական հայցերի վաղ փուլում բացահայտման և մերժման մեխանիզմների ստեղծում,
🔹 Տուժած անձանց աջակցության և փոխհատուցման ապահովում,
🔹 Դատական գործընթացները չարաշահողների նկատմամբ արդյունավետ պատասխանատվության միջոցների սահմանում,
🔹 Դատավորների և դատական համակարգի այլ ներկայացուցիչների կարողությունների զարգացում։
Մարդու իրավունքների տուն Երևանի համար SLAPP-երի դեմ պայքարը կազմակերպության առաջնահերթություններից է։
Հետազոտությունների, կարողությունների զարգացման, ազգային և միջազգային մակարդակներում շահերի պաշտպանության, ինչպես նաև հակա-SLAPP օրենսդրական նախագծի մշակման միջոցով մենք մեր գործընկերների հետ աշխատում ենք Հայաստանում հանրային նշանակության հարցերի շուրջ բարձրաձայնող անձանց իրավական պաշտպանության ամրապնդման ուղղությամբ։
Մենք շարունակելու ենք նպաստել այնպիսի իրավական և ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորմանը, որտեղ իրավապաշտպանները, լրագրողներն ու ակտիվիստները կկարողանան ազատ և անվտանգ իրականացնել իրենց գործունեությունը՝ առանց դատական գործընթացների միջոցով ճնշումների ենթարկվելու վախի։