05/08/2026
10–11 օգոստոսի, 2026թ. | Սիսիան, Սյունիքի մարզ
🇦🇲🇮🇷 2026 թվականի օգոստոսի 10–11-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքում կանցկացվի 5-րդ հոբելյանական «Նավասարդ» հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոնը, որը դարձել է Հայաստանի և Իրանի միջև մշակութային, զբոսաշրջային և գաստրոնոմիական համագործակցության կարևորագույն ամենամյա հարթակներից մեկը։
«Նավասարդ» հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոնը նոր, մրցունակ և բացառիկ տարածաշրջանային զբոսաշրջային արդյունք է։ Այն հարթակ է նոր այլընտրանքային զբոսաշրջային արդյունքների և նախաձեռնությունների ձևավորման համար, նպաստում է հայ և իրանցի ժողովուրդների մշակութային ու խոհարարական ժառանգության հանրահռչակմանը, երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը, ինչպես նաև Սյունիքի մարզի զբոսաշրջային ներուժի զարգացմանն ու միջազգային ճանաչմանը։
Այս տարի փառատոնը նվիրված է իր հնգամյա հոբելյանին և այցելուներին կներկայացնի առավել հագեցած և բազմաբովանդակ ծրագիր։
Փառատոնի շրջանակներում կկայանան՝
▪️Հայաստանի և Իրանի ազգային խոհանոցի ցուցադրություններ և համտեսներ,
▪️մշակութային և երաժշտական ծրագրեր (իրանական մշակութային երաժշտական խմբեր, Որտնա պարային համույթ, ջութակահար Արմեն Ավետիսյան, Սիսիանի ժողգործիքների համույթ),
▪️ժողովրդական արվեստների և արհեստների ցուցահանդես-վաճառք,
▪️զբոսաշրջային և գաստրոնոմիական ներկայացումներ,
▪️տեղական արտադրողների և համայնքների տաղավարներ,
▪️ինտերակտիվ ծրագրեր այցելուների համար,
▪️փառատոնի մշակութային ծրագրի շրջանակում համերգային ելույթով հանդես կգա սիրված երգիչ և երգահան Ֆորշը, որը կներկայացնի իր հայտնի ստեղծագործությունները և տոնական տրամադրություն կպարգևի փառատոնի մասնակիցներին ու հյուրերին։
Փառատոնի կարևորագույն իրադարձություններից մեկը կլինի «Peace Cup» (Խաղաղության գավաթ) միջազգային խոհարարական մրցույթը, որի ընթացքում Հայաստանից, Իրանից և այլ երկրներից ժամանած խոհարարները կմրցեն մասնագիտական վարպետության մեջ՝ խթանելով ժողովուրդների միջև բարեկամությունն ու խաղաղության գաղափարը խոհարարության համամարդկային լեզվով։
Փառատոնին կմասնակցեն հազարավոր այցելուներ Հայաստանից և արտերկրից, ինչպես նաև պետական կառույցների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, զբոսաշրջային ոլորտի մասնագետներ, գործարարներ, խոհարարներ, մշակութային գործիչներ։
Փառատոնը կազմակերպում են Տուրիզմի Հայկական ֆեդերացիան և «Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ԻԻՀ Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռնարվեստի նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության, Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության և երկու երկրների մասնավոր հատվածի գործընկերների հետ համագործակցությամբ։
Զանգվացային լրատվամիջոցներին հրավիրում ենք լուսաբանելու փառատոնը, մասնակցելու պաշտոնական բացման արարողությանը, մշակութային և խոհարարական միջոցառումներին։