Վերջին երեք տասնամյակում ՀՀ մայրաքաղաք Երևանում կառուցվածքային, ճարտարապետական, սոցիալ-մշակութային և մի շարք այլ բնույթի ընդգծված փոփոխություններ են տեղի ունեցել: Երևանյան միջավայրը, ըստ կենսակերպի տեխնոլոգիական հագեցվածության մակարդակի, համապատասխանում է տեղեկատվական հասարակության պահանջներին, մինչդեռ այդ տեխնոլոգիաների հնարավորությունների օգտագործման տեսանկյունից, իհարկե, զիջում է զարգացած տեղեկ
ատվական հասարակություններին: Մյուս կողմից, գլոբալացման գործընթացներին զուգահեռ նկատվում են պետական կառավարման ապակենտրոնացման և հասարակությանը կառավարման գործընթացներին ներգրավման միտումներ: Մասնավորապես, այդ միտումներն արտահայտվում են միևնույն տարածքում բնակվող մարդկանց ներգրավմամբ տարածքի բարեկարգմանը, տնտեսական և սոցիալական միջավայրի ստեղծմանը, կյանքի որակի բարձրացմանն ուղղված որոշումների ընդունմանը: Այսպիսով, համայնքային արդյունավետ կառավարումը առաջին հերթին ենթադրում է միևնույն տարածքում բնակվող մարդկանց միավորում` նրանց մոտ ընդհանուր հետաքրքրությունների ձևավորման շնորհիվ, ինչը հանդիսանում է տեղական համայնքների զարգացման հիմնական գրավական: Այս հայեցակարգային մոտեցումն առնչվում է արևմուտքում վերջին տարիներին լայնորեն կիրառվող մոդելին, որը դիտարկվում է նորագույն հաղորդակցային տեխնոլոգիաների օգտագործմամբ կյանքի որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների համատեքստում: Նման միկրոշրջանները նախատեսում են բնակության այնպիսի միջավայրի գոյություն, որը կունենա նոր ենթակառուցվածքային էլեմենտներ ու ծառայություններ և, որ ամենակարևորն է, հանրային շփման ակտիվ միջավայր:
ԵՊՀ շրջանավարտների միավորումը 2007թ.-ից սկսվել է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրը: ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի համար նախատեսված առաջին շենքային համալիրը կառուցվեց Ավան համայնքի Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում, Բուսաբանական այգու հարևանությամբ: Շենքի շահագործումից հետո միավորումը նախաձեռնել է ևս 3 շենքային համալիրի կառուցում նույն տարածքում` Բուսաբանական այգու հարևանությամբ: Այսպիսով, մինչև 2015 թիվը այս տարծքում բնակարան կունենա ընդհանուր առմամբ մոտ 1250 ընտանիք` ԵՊՀ-ականներ, Հայաստանի Հանրապետության այլ պետական բուհերի երիտասարդ մասնագետներ, ստեղծագործական միավորումների անդամներ, լրագրողներ, մանկավարժներ, բժիշկներ, մարզիկներ, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործող կազմակերպությունների, բանկային համակարգի և հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպությունների երիտասարդ մասնագետներ: