05/08/2026
Երկու օր՝ լի գիտելիքով, նոր բացահայտումներով և անմոռանալի արկածներով։
ՍՕԱՐ-ը նախաձեռնել էր հետաքրքիր քայլարշավ 12 երեխաների համար։
Քայլարշավի նախորդ օրը մասնակիցների հետ անցկացվեց նախապատրաստական հանդիպում։
Երեխաները ծանոթացան արշավի կարևոր կանոններին՝ ինչ վերցնել իրենց հետ, ինչպես ճիշտ պատրաստել ուսապարկը, ինչ հագուստ ընտրել, ինչպես անվտանգ քայլել և ինչ ուղիներ նախընտրել։
Հանդիպման ընթացքում անցկացվեց նաև առաջին բուժօգնության գործնական աշխատարան, որտեղ նրանք սովորեցին, թե ինչպես արձագանքել տարբեր վնասվածքների և արտակարգ իրավիճակների դեպքում։
🌄 Իսկ հաջորդ օրը սկսվեց ամենասպասված մասը՝ բուն քայլարշավը։
ՍՕԱՐ-ի տարբեր ծրագրերից ընտրված 12 մասնակիցները, կամավորների և աշխատակիցների ուղեկցությամբ, հաղթահարեցին արահետներ, բացահայտեցին բնությունը և միասին ստեղծեցին հիշողություններ, որոնք դեռ երկար կմնան նրանց հետ։
Արշավը ղեկավարում էր փորձառու արշավական Մամիկոնը, ով երեխաներին պատմեց արշավների և լեռնագնացության մասին, ինչպես նաև ներկայացրեց, թե բնության մեջ որ բույսերից, միջատներից և կենդանիներից պետք է զգուշանալ՝ պահպանելով թե՛ սեփական անվտանգությունը, թե՛ բնությունը։
🔥 Ճանապարհին եղան հանգստի ու ջերմ զրույցների պահեր, բակային խաղեր, խարույկի շուրջ միասին անցկացրած անմոռանալի ժամանակ։
Օրվա ամենաստեղծարար հատվածը Land Art (երկրարվեստ) թիմային աշխատանքն էր։ Մասնակիցները բաժանվեցին չորս թիմի և միայն բնության նյութերով ստեղծեցին իրենց արվեստի գործերը՝ փոխանցելով բնապահպանական կարևոր ուղերձներ։ Ամենահիշվողներից մեկը՝
💚 «Ինչպես սիրես բնությունը, այնպես էլ բնությունը քեզ կսիրի»։
Այս քայլարշավը պարզապես ճանապարհ հաղթահարելու մասին չէր։ Այն համագործակցության, պատասխանատվության, բնության հանդեպ հոգատարության, նոր ընկերությունների և ինքնաբացահայտման մասին էր։
📸 Թերթեք լուսանկարները և ապրեք այս գեղեցիկ երկու օրերի ամենավառ պահերը մեզ հետ։