01/06/2020
Այսօր՝ 2020թ. հունիսի մեկին լրանում է «Բժիշկների միավորում» բարեգործական ՀԿ-ի հիմնադրման երրորդ տարին:
Հիմնադրման օրվանից առ այսօր Հայաստանի ու Արցախի Հանրապետության բժշկական կենտրոններում իրականացվել և շարունակում է իրականացվել լայնածավալ գործունեություն՝ անվճար բուժօգնություն (ուլտրաձայնային, լաբորատոր հետազոտություններ, ռենտգենոգրաֆիա, վիրահատական միջամտություններ, ստոմատոլոգիական ծառայություններ) և դեղորայք տրամադրելով դրա կարիք ունեցող քաղաքացիներին՝ առանձնակի ուշադրության կենտրոնում պահելով սոցիալապես անապահով, հաշմանդամության կարգ ունեցող, ազատամարտում զոհվածների ընտանիքներին: Կազմակերպության հիմնադիր նախագահ Արմեն Պողոսյանը իր անձնական միջոցներով է հոգում կազմակերպության ծրագրերին առնչվող բոլոր, այդ թվում՝ անհրաժեշտ դեղորայքի ծախսերը:
«Բժիշկների միավորում» բարեգործական ՀԿ-ի գործունեությունը չի սահմանափակվում միայն առողջապահական ծրագրերով, այն ունի նաև իրավաբանական և ուսումնակրթական բաժիններ:
«Բժիշկների միավորում» բարեգործական ՀԿ-ն կազմակերպել է թեմատիկ դասախոսությունների շարք ընդգրկող կոնֆերանս` բժշկական ոլորտի իրավակարգավորումների վերաբերյալ: Միջոցառմանը մասնակցել է շուրջ 400 մասնագետ: Դասախոսություն-քննարկման նպատակն էր իրազեկել բժիշկներին իրենց իրավունքների ու պարտականությունների մասին, նրանց տեղյակ պահել օրենսդրական փոփոխությունների մասին, նախադրյալներ ստեղծել բժիշկների իրավունքների պաշտպանության համար:
Այսօր էլ կազմակերպության գործունեության շրջանակներում կարևոր տեղ գրավող ծրագրերը շարունակական բնույթ են կրում. ՀԿ-ի կենտրոնական գրասենյակում անցկացվում են մասնագիտական քննարկումներ, գիտաժողովներ, բժիշկ-հիվանդ միջանձնային հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանն ուղղված քայլեր, պացիենտների իրավունքների և պարտականությունների լուսաբանում, կատարվում է նաև փորձի փոխանակություն: Գործում է ծառայություն՝ առողջապահության ոլորտի մասնագետներին իրավաբանական անվճար աջակցություն տալու համար:
Ստեղծվել է ուսումնակրթական բաժին, որի շրջանակներում հնչել են բանախոսություններ բժշկական հայերեն և անգլերեն տերմինաբանության, օտարաբանության, օտար լեզվի ուսումնասիրության և բժշկական կրթական ոլորտի կարևոր հարցերի վերաբերյալ:
Կազմակերպությունը հավատարիմ է մնում իր`
«Մարդասիրությունը կենսակերպ է» գաղափարախոսությանը և շարունակում ազգանվեր գործը:
«Բժիշկների միավորում» բարեգործական ՀԿ-ն շնորհավորում է երեխաների պաշտպանության օրվա առթիվ՝ մաղթելով երջանիկ մանկություն խաղաղ ու բարեկեցիկ երկրում: