21/09/2026
Իրական անկախության բանաձևն անփոփոխ է
Իրական անկախությունը լինում է ոգում և մտքում, որից հետո նոր միայն արտացոլվում իրականությունում և փաստաթղթերում։
Այսօր շատերը խոսելով խորքային ճգնաժամից զբաղված են այնպիսի փաստերի հավաքագրումով, որը կհաստատի և կապացուցի սեփական մոտեցումների ճշմարտացիությունը։ Սակայն փաստերն արժեք չունեն, եթե դրանք չեն ուղորդվում ճիշտ հարցադրումներով և դրանց տրված անաչառ ու համարձակ պատասխաններով, քանի որ իրականության հետ առերեսումն է, որ դնում է առողջացման հիմքը։
Օրինակ ինչպես ստացվեց, որ չունենալով անկախություն, ունեցանք ոգով և մտքով իրական անկախության սերունդ, որն ազատագրեց Արցախը, և ինչպես ստացվեց, որ անկախանալով գերադասեցինք բացարձակապես հպատակությունը։
Սեպտեմբերի 21-ի գլխավոր խորհուրդը այլևս պետք է լինի «լուսավորությունը», որն էլ իրական անկախության կարևորագույն նախապայմանն է։
Ըստ կանտյան փիլիսոփայության «լուսավորությունը» այն է, երբ հաղթահարում ես «անչափահասությունը», որի մեղավորը հենց ինքդ ես։ «Անչափահասությունը» այն է, երբ անհատը, հասարակությունը կամ պետությունը առանց այլոց ուղղորդման կամ ղեկավարման չի կարող օգտակործել սեփական միտքը, բանականությունը և կարողությունը։
Մենք մեղավոր ենք մեր «անչափահասության» համար, ոչ թե, որ չունենք կարողություն, այլ, որ ունենալով այդ կարողությունն ու հնարավորությունը չունենք ինքնուրույն մտածելու և գործելու համարձակություն։ Մենք մեզ հարմարավետ ու անվտանգ ենք զգում հպատակի կարգավիճակում, և միևնույն ժամանակ ամենավտանգվածը, երբ մենք ինքներս պետք է լինենք մեր կյանքի և ապագայի պատասխանատուն։
Ինչպես անհատի, այնպես էլ հասրակության և պետության «հասունության» շրջանը սկսվում է այն ժամանակ, երբ վերջինս կարողանում է ձեռբազատվել արտաքին և ներքին կապանքներից, հրաժարվում է իր էությանը խորթ, սակայն իրենից ակնկալվող վարքից և ստանձնում է լիարժեք պատասխանատվություն սեփական կյանքի նկատմամբ։
Հետևաբար 30 տարի ձգվող ապազգային և կործանարար այս քաղաքական համակարգի հաղթահարումը կարող է սկսվել միայն «լուսավորությամբ», այսինքն «ինտելեկտուլ անկախությամբ», երբ կմերժենք մեզ պարտադրվող օրակարգը, կձերբազատվենք կապանքներից, կհաղթահարենք անզորության միֆերը և կստանձնենք բովանդակությամբ նորի՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ձևավորման պատասխանատվությունը։