18/12/2023
⁉️Թունավոր լավատեսություն
Հաճախ աղանդավորներին հանդիպելիս շատերի ուշադրությունը գրավում է նրանց մշտապես կարծեցյալ ուրախությունը կամ կյանքի հանդեպ ընդգծված «լավատեսությունը», որը միևնույն ժամանակ զուգորդվում է անհիմն ագրեսիայով։
😜Իրականում ԿԵՂԾ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ գեներացումը անձին կառավարելու մանիպուլյատիվ մեխանիզմներից մեկն է։ Այնպիսի հասկացություն, ինչպիսին է «Տոքսիկ պոզիտիվիզմ» («Թունավոր լավատեսություն»)-ը բնորոշ է շատ աղանդներին, ինչպես նաև յոգայով և տրանսցենդենտալ մեդիտացիայով զբաղվողներին, որոնք խիստ ծայրահեղացնելով կյանքի հանդեպ լավատեսությունն ու դրական վերաբերմունքը բռնություն են կիրառում անձի հոգեկանի և մտավորի վրա։
✅Ինչպե՞ս է գեներացվում «Թունավոր լավատեսությունը»․
🔘Ընտրյալության ներշնչումով։ Մարդուն ներշնչվում է, որ նա յուրահատուկ է, նրան է ընտրել առաջնորդը, Աստված, կյանքը, հանգամանքները։ Նրան է տրված տեսնել անտեսանելին, լինել փրկվածների կամ լուսավորվածների նեղ միջավայրում՝ հետևաբար այսուհետ նա իրավունք չունի լինել թույլ, տխուր, հոգեկան ծանր ապրումներ ունենալ կամ կենտրոնանալ կյանքի դժվարությունների վրա։
🔘Աղանդի կամ ուսմունքի գաղափարախոսությունը բացառիկացնելով։ Ռացիոնալ կամ բարոյախրատական հատիկների շուրջ կառուցված միստիկ գաղափարախոսությունների ներշնչումը որպես բացառիկ հայտնություն, որը ստանալուց հետո հետևորդը պետք է անդադար ապրի այդ գաղափարի գիտակցումով, մնացած մահկանացու երևույթները արժանի չեն էմոցիոնալ կամ մտավոր համարժեք արձագանքի։
🔘Աղանդի առաջնորդի կամ ուսուցչի հեղինակությունը։ Հետևորդներին ներշնչվում է, որ աղանդի առաջնորդը կամ ուսուցիչը բացառիկ անձնավորություն է, որի մտերիմ շրջանակ մուտք ունեն միայն ընտրյալները։ Այդ շրջանակում ընգրկվելու համար պետք է բացառիկ ուժ, կյանքի դժվարությունները հանուն Աստծո, աղանդի և առաջնորդի անտեսելու կարողություն։
🔘Ընտանեկան և ընկերական միջավայրից մեկուսացում, որը հնարավորություն չի տալիս ապրումակցել, ուրախանալ կամ այլ զգացմունքներ դրսևորել ուսմունքի շրջանակներից դուրս և հետևաբար՝ դուրս մնալ վերահսկողությունից։
👉Աղանդավորներին կամ ուսմունքների հետևորդներին հեշտ է նույնականացնել անգամ սոցիալական ցանցերում՝ Աստվածաշնչյան հատվածներից վերաձևակերպված կարճ պոզիտիվիստական լոզունգներով․ «Աստված այս օրը ստեղծել է քեզ համար», «Դու Աստծո ընտրյալն ես», «Միշտ ուրախ եղիր», «Դու Աստծունն ես», «Դու Աստված ես» և այլն։
✅Ինչո՞վ է վտանգավոր թունավոր լավատեսությունը և ինչպե՞ս է այն վնասում առաջին հերթին աղանդավորին։ Այն առաջացնում է․
🔘Ամոթի խորը զգացողություն, երբ մարդը, որը բացասական զգացմունքներ է ունենում դժվարության կամ կորստի պահին, ամաչում է իր դրսևորած «թուլության» համար,
🔘Մեղքի կեղծ գիտակցում, երբ մարդը իրեն մեղավոր է զգում, որ չի կարողանում լավատեսություն կամ քաջություն դրսևորել դժվար իրավիճակներում,
🔘Արժեզրկման կամ մերժողականության դրսևորում, երբ մարդը հրաժարվում է առերեսվել իրականության հետ՝ այն համարելով ոչ կարևոր և այդպիսով խուսափում է անհարմարության զգացողությունից։
🔘Անձնային աճի արգելակում։ Ցավոտ իրավիճակները և բացասական զգացմունքները նույնպես մեր կյանքի մի մասն են կազմում, որոնք շատ դեպքերում նպաստում են անձի հասունությանը, կյանքի հանդեպ փորձառության և իմաստության զարգացմանը։
🥰🥰Այն դեպքերում երբ լավատեսությունը և դրական վերաբերմունքը կյանքի և ապագայի նկատմամբ մղում է դժվար իրավիճակներում պրոակտիվ գործողությունների, ապա թունավոր լավատեսությունը թույլ չի տալիս իրապես և խորապես գնահատել իրականությունը, շեշտը դնում է մարդու գերբնական հնարավորությունների պսևդոզարգացման վրա, մտքի ուժի, սեփական հավատքի «զորության» վրա։
🌿P.S. Բացասական զգացմունքների երկարատև անտեսումը և ճնշումը կարող է հանգեցնել ոչ միայն հոգեկան լուրջ խնդիրների, այլ նաև ֆիզիկական ծանր հիվանդությունների։