26/08/2026
ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia
Թեպետ անձնագրային ծառայությունները, վարորդական իրավունքի վկայականը ստանալու համար նախատեսված տեսական և գործնական քննությունների ընդունման, դրանց արդյունքների հիման վրա վարորդական իրավունքի վկայականի տրամադրման կան չտրամադրման, տրանսպորտային միջոցների հաշվառման և գրանցման ծառայությունները ստանալու համար քաղաքացին կարող է համապատասխան կայքերի միջոցով նախապես հերթագրվել,
Անձնագրային ծառայությունների համար՝
https://migration.e-gov.am/hy/advanced_search
Հաշվառման-քննական ծառայությունների համար՝
https://roadpolice.am/hy
սակայն դա երաշխիք չէ, որ քաղաքացին ըստ իր հերթագրած ժամի կսպասարկվի, սովորաբար հերթը հասնում է նախապես գրանցված ժամից 2-4 ժամ հետո։⏳
Արդյունքում գոյանում են մեծ հերթեր, որի հետևանքով էլ ստեղծվում է նյարդային, հոգնեցուցիչ միջավայր։
📣 Որո՞նք կարող են լինել նման իրավիճակի պատճառները՝
🟧 Ծառայությունների մատուցման ընթացքում աշխատողների՝ տվյալ ծառայության մատուցման համար սահմանված ժամանակի խախտումը։ Պետք է նշել, որ այս տարբերակը մեր կողմից դիտարկման արդյունքում ամենաքիչ հանդիպողներից էր, սպասարկման պատուհանների մոտ աշխատողները հիմնականում աշխատում էին սահմանված ժամանակահատվածում։
🟧 Նախապես սահմանված հերթի խախտումը համապատասխան բաժինների աշխատակիցների կողմից։
Տեղում դիտարկման ընթացքում այդպիսի դեպքերի կարելի է ականատես լինել, երբ սպասրկող աշխատակիցը կամ բաժնում վերադաս պաշտոն զբաղեցնողը կարող են առանց հերթի սպասարկել իրենց ծանոթին՝ ունենալով տարբեր շարժառիթներ, արդյո՞ք այս դեպքում կարելի է բացառել նաև գումարայինը։
🟧 Հերթերի կառավարման պատշաճ վերահսկման բացակայությունը։
Ակնհայտ է, որ համապատասխան բաժինների ղեկավարների կողմից չի իրականացվում պատշաճ վերահսկողություն և հերթերի կառավարում։
🟧 Անհրաժեշտ քանակի աշխատողների բացակայությունը։
Տարեկան կտրվածքով վերոնշյալ ծառայություններից օգտվող քաղաքացիների թվի և սպասարկող անձնակազմի անհրաժեշտ քանակի անհամապատասխանություն գոյություն ունի։
Այնտեղ, որտեղ անհրաժեշտ է առնվազն 5-8 աշխատող, կարող է աշխատել ընդամենը՝ 2,3-ը։
🟧 Տեխնիկական սարքավորումների ոչ սարքին վիճակը։
Համակարգիչների, լուսապատճենող, լուսածրիչ սարքերի 🖨️
խափանումները հանգեցնում են աշխատանքների կատարման երկարաձգմանը։
Օրինակ՝ այդպիսի խնդրի ականատես եղանք ՆԳՆ-ի Երևանի հաշվառման-քննական բաժնում (Գաջեգործների փող, 76 շենք), երբ լուսածրիչ սարքի ոչ պատշաճ աշխատելու արդյունքում աշխատողների կողմից ծառայության մատուցումը երկարեց։
Խնդիր է նաև սպասարկման սրահների ոչ հարմարավետ կահավորումը և սանիտարահիգիենիկ պայմանների ոչ բավարար ապահովումը՝
⬛️ Օդափոխման համակարգերի բացակայությունը, որի հետևանքով առկա օդորակիչների աշխատանքը անարդյունավետ է դառնում, արդյունքում կրկին բացվում են պատուհանները և դռները, հաճախ նաև առկա օդորակիչների քանակը բավարար չէ սպասարկման սրահներում նորմալ ջերմաստիճան ապահովելու համար։ Այս ամենը էականորեն ազդում է քաղաքացիների ինքնազգացողության վրա հատկապես ամռան շոգ ամիսներին։ Ի դեպ միացված օդորակիչների պարագայում պատուհանների և դռների բաց պահելը էլեկտրաէներգիայի անիմաստ ծախս է։
⬛️ Հերթերի համար նախատեսված սարքերի մոտ չկան բացատրական տեղեկատվական պաստառներ, որտեղ կներկայացվեն, թե որ ծառայությունների համար ինչ բաժիններ պետք է ընտրել։
Բացի այդ անձնագրայիններում, որտեղ հնարավորություն կա օրվա ընթացքում մի քանի քաղաքացիների համար հերթ վերցնել առանց նախապես առցանց տարբերակով գրանցվելու, գոյություն ունեն մի շարք խնդիրներ, նախ, օրինակ՝ Մաշտոցի անձնագրայինում տեղադրված է ընդամենը 1 հերթագրման սարք, որից օգտվում են, թե առցանց գրանցվածները և թե տեղում հերթ վերցնողները, ինչը ստեղծում է անհարմարություններ քաղաքացիների համար, իսկ տեղում հերթ վերցնողների համար չկա մտացված համակարգում, որպեսզի սահմանափակ տեղերի բաշխումը լինի առանց քաղաքացիների միջև վեճերի։ Այսպիսի իրավիճակներում մեղադրել քաղաքացիներին ոչ պատշաճ վարք դրսևորելու մեջ, անթույլատրելի է, քանի որ պետական համապատասխան մարմինների կողմից մանրամասն մտացված չէ այնպիսի համակարգ, որը թույլ կտար իրականացնել քաղաքակիրթ սպասարկում․ քաղաքացիները վաղ առավոտյան գալիս են անձնագրային բաժին և իրար հետ պայմանավորվելով են հերթ ձևավորում։
⬛️ Քաղաքացիների սպասարկման սրահները շատ հաճախ մաքուր չեն, հատկապես պատուհանագոգերը, շերտավարագույրները պոկված են, պետքարանները՝ թափթփված, աղբամանները՝ կեղտոտ։
☎️❎ Եվ վերջում, չկա քաղաքացիների հետ հաղորդակցվելու արդյունավետ միջոց։ Տեղում քաղաքացիների մտահոգությունները լսող, ի գիտություն ընդունող, արձանագրված խնդիրների հետագա լուծմանը միտված գործողություններ իրականացնող մենեջերներ չկան, չեն աշխատում նաև թեժ գծերի աշխատակիցները, ովքեր հաճախ քաղաքացիների զանգերը թողնում են անպատասխան։
ՆԳՆ Երևանի ՀՔ բաժնում արձանագրված խնդիրների վերաբերյալ փաստերը լուսանկարների ձևաչափով ներկայացված են հետևյալ հղմամբ՝
https://drive.google.com/drive/folders/1QJEAIQRwfyo8IHCOizkx2uAXTJmYK5vP?usp=sharing
Նյութի հեղինակ՝ Լուիզա Թոփչյան