30/06/2026
Խաղաղությունն ու անվտանգությունը կայուն են դառնում այնտեղ, որտեղ համայնքների ձայնը լսելի է, իսկ կանայք՝ լիարժեք ներգրավված։
«Ուժը գործողության մեջ․ կանանց մասնակցության խթանում խաղաղության և անվտանգության գործընթացներում Հայաստանում 3.0» ծրագրի շրջանակում ՕքսԵՋեն հիմնադրամը, Խաղաղարար կանայք ու «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» (ԿԽԱ) տեղական ցանցերի հետ համագործակցությամբ, մայիս–հունիս ամիսներին անցկացրեց մարզային իրազեկման հանդիպումներ, որոնք ուղղված էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի դրույթների իրականացման ՀՀ 2025–2027 թվականների Գործողությունների ազգային երրորդ ծրագրի տեղայնացման, արդյունավետ իրականացման և մշտադիտարկման գործընթացին նպաստելուն:
Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում իրականացված միջոցառումների նպատակն էր ազգային քաղաքականությունները կապել համայնքների իրական կարիքների և առաջնահերթությունների հետ, հատկապես՝ թիրախային սահմանամերձ և խոցելի համայնքներում։ Դրանք ուղղված էին համայնքների հզորացմանը՝ քաղաքացիական հասարակության ցանցերի, մասնավորապես՝ «Խաղաղարար կանայք» և ԿԽԱ տեղական ցանցերի ամրապնդման ու ընդլայնման, դրանց անդամների առաջնորդական կարողությունների զարգացման և խաղաղարար նախաձեռնություններին նրանց մասնակցության խթանման միջոցով։
Հանդիպումներին ընդհանուր առմամբ մասնակցեց ավելի քան 150 կին՝ համայնքային ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անդամներ, ակտիվ քաղաքացիներ, ինչպես նաև տեղացի, այդ թվում՝ բռնի տեղահանված կանայք։
Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձան համայնքային դիմակայունության ամրապնդման, կանանց առաջնորդության զարգացման, անվտանգության, համագործակցության և խաղաղաշինության գործընթացներում կանանց դերակատարության կարևորությանը։ Փորձի փոխանակման և բաց երկխոսության միջոցով ձևավորվեցին նոր համագործակցություններ և նախաձեռնություններ, որոնք հիմք կդառնան հետագա համատեղ գործողությունների համար։
«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի շրջանակում ձևավորվող այս համագործակցությունը կարևոր հարթակ է՝ լսելի դարձնելու կանանց ձայնն ու փորձառությունը և խթանելու մասնակցությունը խաղաղության ու անվտանգության գործընթացներում»,– ասում է «Խաղաղարար կանայք» ցանցի անդամ Հեղինե Ղարաբաղցյանը։
___________________________________
«Ուժը գործողության մեջ․ կանանց մասնակցության խթանում խաղաղության և անվտանգության գործընթացներում Հայաստանում 3.0» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Արևելյան գործընկերության երկրների կայունության բարձրացում» երկրորդ ծրագրի շրջանակներում, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի դրամաշնորհի միջոցով՝ Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ:
#կանայքխաղաղությունանվտանգություն