07/04/2026
Մի քանի անգամ գրել և ջնջել ենք այս նամակը։ Որովհետև մայրության տոնին մայրերի մասին խոսելը ոչ միշտ է հեշտ։
Բայց երևի լավագույն տարբերակն այս դեպքում պարզապես շնորհակալություն ասելն է։
Շնորհակալ եմ, մամ, որ ինձ մի ողջ կյանք ու աշխարհ ես նվիրել։ Շնորհակալ եմ, որ գրկել ես ինձ, որ օրորել ես, երգել ես, որ բռնել ես ձեռքս ամուր, երբ առաջին քայլերս եմ արել։ 🥰
Շնորհակալ եմ այն գիշերների համար, երբ չես քնել, որ ես քնեմ։ Այն ափսեների համար, որոնք միշտ լի են եղել, նույնիսկ երբ քո ափսեն դատարկ է մնացել։ Այն ձեռքերի համար, որ սանրել են մազերս դպրոց գնալուց առաջ, կարկատել են վերնաշապիկներս, սրբել են արցունքներս ու ճակատս համբուրելով ստուգել ջերմությունս։
Շնորհակալ եմ, որ սովորեցրել ես ինձ կապել կոշիկներիս քուղերը։ Եվ որ չես ասել ինձ, թե քանի՜ անգամ սխալվել եմ, մինչև սովորեցի։
Շնորհակալ եմ այն բաների համար, որ չեմ տեսել։ Այն հոգսերի, որ թաքցրել ես ինձնից։ Այն երազանքների, որ մի կողմ ես դրել, որպեսզի իմը հնարավոր դառնա։
Մամ, ու եթե անգամ այս ամենը չես արել, ես շնորհակալ եմ քեզ։ Որովհետև միայն մեծանալով ես հասկանում, որ աշխարհը սև ու սպիտակ, ճիշտ ու սխալի մասին չէ։ Քո տված լավագույնն ու վատագույնն այսօր ինձ դարձնում են այնպիսին, ինչպիսին կամ՝ դառնալով երեխաներիս համար այն մայրը, որով հիացել եմ կամ որի մասին երազել եմ։
Մամ, ես գիտեմ՝ մայր լինելը աշխարհի ամենադժվար գործն է։ Առանց «օգտագործման ուղեցույցի», առանց հանգստյան օրերի, առանց որևէ մեկի, ով կասի «լավ ես անում»։
Ուրեմն այսօր ես ու մեր թիմը կասենք․ լավ ես անում։ Արել ես։ Անում ես։ Եվ դա բավական է։
Շնորհակալ ենք։ Անսահման։ 😘