05/10/2026
🔹 Թրամփը և Գրենլանդիան․ կլանո՞ւմ, թե՞ ռազմավարական ներկայության ապահովում
Վերջին շաբաթներին համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռված էր մի քանի կարևոր իրադարձությունների վրա։ Դրանցից, բնականաբար, առաջինը Նյու Յորքում տեղի ունեցած՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանն էր, որտեղ հավաքվել էին համաշխարհային առաջնորդները՝ քննարկելու ամենակարևոր հարցերը, որոնք վերաբերում են համաշխարհային խաղաղությանը, տնտեսությանը, առևտրին և այլ թեմաների։ Երկրորդը, իրավամբ, Թրամփի և Սի Ցզինպինի երկկողմ հանդիպումն էր, որը համեմված էր աննախադեպ արարողակարգային առանձնահատկություններով, հարուստ օրակարգով և ԱՄՆ-ին բնորոշ PR արշավով՝ ուղղված թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարաններին։ Սակայն, անկախ ՄԱԿ-ում տեղի ունեցող թոհուբոհից և ԱՄՆ-Չինաստան գագաթնաժողովից, տեղի ունեցավ մի իրադարձություն, որն առանձին քննարկման առարկա է թե՛ համաշխարհային անվտանգային և տնտեսական գործընթացների տեսանկյունից, թե՛ ԱՄՆ-Չինաստան մրցակցության տեսանկյունից։ Հատկանշական է, որ այս իրադարձության մասին հայտնի դարձավ ԱՄՆ-ՉԺՀ բարձր մակարդակի բանակցություններից ընդամենը օրեր առաջ:
🔹 Գրենլանդիայի թնջուկը
Կարևորագույն իրադարձություններից մեկը, որը տեղի ունեցավ նախորդ շաբաթ, և որը շատ երկար քննարկվել ու դեռ շատ երկար քննարկման առարկա է մնալու, Միացյալ Նահանգների, Դանիայի Թագավորության և Գրենլանդիայի միջև կնքված պատմական համաձայնագիրն է: Այն պատմական կարևորագույն նշանակություն ունի ոչ միայն կղզու ապագայի, ոչ միայն Դանիայի Թագավորության դերի և նշանակության համար 21-րդ դարում, այլև Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության, գլոբալ մրցակցության, տրանսատլանտյան անվտանգության ճարտարապետության և, ընդհանրապես, համաշխարհային ռեսուրսների վերաբաշխման գործընթացների տեսանկյունից։
Հատկանշական է, որ Թրամփի վարչակազմի համար Գրենլանդիան բավականին երկար ժամանակ քննարկվող առանցքային թեմա էր։ Նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Թրամփը ձեռնամուխ եղավ բավականին կոշտ և ուժեղ ճնշում գործադրել Դանիայի Թագավորության և Գրենլանդիայի նկատմամբ՝ հայտարարելով իր շատ հստակ ցանկությունների, նկրտումների և մտադրությունների մասին, որոնք վերաբերում էին կղզուն՝ հաշվի առնելով դրա ռազմավարական դիրքը և տարատեսակ միներալների էական առկայությունը։ Թրամփի ճնշումներն ու շանտաժի լեզվով արտահայտած մտքերը, իհարկե, էական դժգոհություն առաջացրին ոչ միայն Դանիայում, այլև Եվրոպական Միությունում և ՆԱՏՕ-ի անդամ այլ պետություններում, որոնք Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցներն են, սակայն չէին կիսում Թրամփի ագրեսիվ մոտեցումները։
Եվ այսպես, սեպտեմբերի 22-ին ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան պատմական համաձայնագիր ստորագրեցին, որով ԱՄՆ-ն բացառիկ դերակատարում և իրավունքներ ստացավ կղզու և ռեսուրսների կիրառման նկատմամբ՝ անվտանգային և ռազմական ենթակառուցվածքների տեղակայման տեսանկյունից: Մասնավորապես, համաձայնագիրը հստակ նախատեսում է.
1. Պիտուֆիկի տիեզերական բազայի ընդլայնման և արդիականացման իրավունք․ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել իր ռազմական գործունեությունը գործող բազայում։
2. Նոր պաշտպանական գոտիներ ստեղծելու իրավունք․ Նարսարսուակ և Մեսթերսվիգ տարածքներում, ինչպես նաև հետագայում Գրենլանդիայի այլ վայրերում՝ կողմերի համաձայնեցված ընթացակարգով։
3. Գրենլանդիայի տարածքով ազատ ռազմական մուտքի և տեղաշարժի իրավունք․ ԱՄՆ-ի ռազմական նավերի, օդանավերի, զինված ուժերի և տրանսպորտային միջոցների համար՝ ցամաքով, օդով և ծովով։
4. Գրենլանդիայի ամբողջ տարածքով թռիչքների և տարածքային ջրերում նավարկության լայն իրավունքներ․ ԱՄՆ-ի օդանավերը կարող են թռչել և վայրէջք կատարել Գրենլանդիայի ցանկացած հատվածում, իսկ ԱՄՆ-ի պետական նավերը՝ մուտք գործել և տեղաշարժվել տարածքային ջրերում՝ համաձայնագրով սահմանված պայմաններով։
5. ԱՄՆ-ի ռազմական ներկայության երկարաժամկետ/անժամկետ հիմք․ համաձայնագիրը ժամկետ չունի և նախատեսում է, որ կգործի նաև այն դեպքում, եթե ապագայում Գրենլանդիան անկախանա՝ պայմանով, որ նոր պետությունը կստանձնի համաձայնագրով նախատեսված իրավունքներն ու պարտավորությունները։
Սակայն այս ամենից զատ կա նաև մեկ այլ կարևոր առանձնահատկություն, որի վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, և դա վերաբերում է կղզում առկա կրիտիկական միներալներին և օգտակար հանածոներին: Համաձայնագիրն ինքնին ԱՄՆ-ին չի փոխանցում դրանց նկատմամբ վերահսկողություն, և նման բան ուղղակիորեն համաձայնագրով նախատեսված չէ: Սակայն կան որոշ դետալներ, որոնք ուշադրության են արժանի: Նախ, կողմերը համաձայնում են, որ ՆԱՏՕ-ի անդամ, ՆԱՏՕ-ի գործընկեր կամ Եվրամիության անդամ չհանդիսացող պետությունները կամ այդպիսի պետություններից ներդրողները Գրենլանդիայի տարածքում գտնվող զգայուն ոլորտներում կամ գործունեության տեսակներում չպետք է ունենան վերահսկողություն, էական ազդեցություն կամ հասանելիություն ոչ հրապարակային տեղեկատվության, որը կարող է սպառնալիք հանդիսանալ ազգային անվտանգության կամ հասարակական կարգի համար: Սա իրականում բավականին լղոզված ձևակերպում է, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն թույլ չի տալու, որ որևէ մրցակից պետություն հնարավորություն ունենա ներքաշվելու այս ոլորտներում:
Կարևոր հանգամանք է նաև համաձայնագրով նախատեսված ժամանակագրությունը: Մասնավորապես, համաձայնագիրը չունի ֆիքսված ժամկետ և գործելու է նույնիսկ այն դեպքում, երբ Գրենլանդիան որոշի անկախություն ձեռք բերել Դանիայից և դառնա ինքնուրույն միջազգային իրավունքի սուբյեկտ:
🔹 Չինաստանի նկրտումները Գրենլանդիայի նկատմամբ
Իսկ ինչո՞ւ է կարևոր Գրենլանդիայի հարցում Չինաստանի գործոնը, և ինչո՞ւ էր ԱՄՆ-ն շտապում այս հարցում։ Տարիներ շարունակ Չինաստանը մի քանի կարևոր և շատ հստակ քայլեր էր ձեռնարկում Գրենլանդիայի ուղղությամբ, և Պեկինը սկսում էր հետաքրքրվածություն ցուցաբերել նույն կրիտիկական միներալների և օգտակար հանածոների նկատմամբ՝ իր հետևում արդեն իսկ ունենալով համաշխարհային պաշարների բավականին զգալի մասի նկատմամբ տարբեր ձևերով արտահայտված ազդեցություն։ Միաժամանակ Պեկինն ուշադրության կենտրոնում էր պահում Գրենլանդիայի դիրքը, որպես աշխարհաքաղաքական և տնտեսական գործոն։ Նախ, Չինաստանն իրեն դիրքավորում էր որպես մերձարկտիկ պետություն, ինչի շնորհիվ առաջ է մղում «Բևեռային մետաքսի ճանապարհի» գաղափարը։ Իհարկե, այսօր Պեկինի համար կարևոր է Ռուսաստանի ափամերձ տարածքով անցնող Հյուսիսային ծովային ուղին, սակայն դա չի նվազեցնում Չինաստանի համար Գրենլանդիայի կարևորությունը։ Չինական ընկերությունները հստակ հետաքրքրվածություն ունեին Գրենլանդիայի օդանավակայանների ուղղությամբ, սակայն վերջին տարիներին այստեղ որոշակի դժվարությունների հանդիպեցին, և գործընթացն առաջ չշարժվեց։ Հաջորդ կարևոր հետաքրքրությունը վերաբերում էր Արկտիկայի գիտաուսումնական նախաձեռնություններին, և այստեղ ևս Գրենլանդիան կարևոր նշանակություն ուներ՝ հաշվի առնելով նրա աշխարհաքաղաքական դիրքը։ Հետևաբար, Չինաստանն ուներ հետաքրքրվածություն թե՛ հանքանյութերի, թե՛ մատակարարման շղթաների, թե՛ ենթակառուցվածքների, թե՛ գիտական և հետազոտական ուսումնասիրությունների և թե՛ երկարաժամկետ աշխարհաքաղաքական ներկայության նկատմամբ, քանի որ կղզին գտնվում է Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև՝ դրան փոխանցելով հստակ աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն։
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ակնհայտ էր դառնում, որ որոշ ժամանակ անց Չինաստանը հնարավորություն էր ստանալու լայնածավալ և ագրեսիվ ներդրումների շնորհիվ կլանել Գրենլանդիան և դառնալ կղզու հիմնական ներդրողն ու առևտրային գործընկերը։ Հետևաբար, ԱՄՆ-ի համար այս քայլը բավականին մանրամասն պլանավորված և հաշվարկված էր, որին վարչակազմը ձգտում էր իշխանության գալու հաջորդ իսկ օրվանից։ Ինչ վերաբերում է Դանիային, ապա թագավորությանն ավելի ձեռնտու էր, որ Գրենլանդիան անվտանգության, տնտեսական անվտանգության և ներդրումային ոլորտներում կախվածություն ունենա դաշնակից Միացյալ Նահանգներից, ոչ թե Չինաստանից՝ հաշվի առնելով բոլոր հնարավոր սցենարները, որոնք կարող էին ի հայտ գալ չինական տնտեսական էքպանսիայի պարագայում։ Ամենայն հավանականությամբ, Կոպենհագենում կարծում էին, թե 21-րդ դարի Դանիան նույն 18-րդ դարի Դանիան չէ, և ժամանակակից աշխարհի ագրեսիվ մրցակցությունը թույլ չի տալու, որ Գրենլանդիայի՝ նման պաշարներով աննախադեպ հարուստ, աշխարհագրական և աշխարհաքաղաքական կարևորագույն դիրքով կղզին մնա անձեռնմխելի, արտաքին ուժերի ազդեցությունից և ախորժակից զերծ։
Հետևաբար, կղզու նկատմամբ Կոպենհագենի ազդեցության և իրավասության մի մասի զիջումը ժամանակի հարց էր, որը մի օր գալու էր։
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն
Armenian Center for American Studies