29/06/2026
Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, 2026 թվականի հունիսի 26-ին կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկում՝ պետական իրավասու մարմինների, Ազգային ժողովի պատգամավորների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելմանը, խոշտանգումների զոհերի աջակցության առկա մեխանիզմներին, նման գործերով արդյունավետ քննության ապահովմանը, ինչպես նաև ոլորտում առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին։
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Տոմաշ Օստրոպոլսկին և առցանց՝ ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի անդամ, Կանխարգելման ազգային մեխանիզմների փոխնախագահ Էլինա Շտեյներտեն։
Քննարկման շրջանակում անցկացվել են երկու թեմատիկ պանելային քննարկումներ, որոնցից առաջին քննարկումը նվիրված էր խոշտանգումների զոհերի աջակցության առկա մեխանիզմներին, իսկ երկրորդը` խոշտանգումների վերաբերյալ գործերի արդյունավետ քննությանը։
Քննարկմանը մասնակցել է նաև Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի անդամ Նարե Հովհաննիսյանը։
Իր ելույթում Նարե Հովհաննիսյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ և կառուցողական համագործակցության գործելաոճը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս լսելի դարձնել ոլորտային խնդիրները, որոնք հակառակ դեպքում կարող են մնալ լռեցված և անտեսված։
Այդ համատեքստում նա առանձնակի կարևորել է փակ հաստատություններում, հատկապես քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների, ինչպես նաև դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կանխարգելումն ու արդյունավետ հասցեագրումը։
Նա նշել է, որ քրեակատարողական հիմնարկների խցային պայմանները, ազատազրկված անձանց երկարատև մեկուսացումը, առողջապահական և հոգեբանական ծառայությունների որակը և հասանելիությունը, ինչպես նաև ազատազրկված անձանց նկատմամբ աշխատակազմի կողմից անհարգալից վերաբերմունքը և մի շարք այլ հանգամանքներ կարող են դիտարկվել որպես խոշտանգում կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոշտանգումը հանրային մեղադրանքի կարգով հետապնդվող հանցագործություն է, ինչպես նաև այն, որ դատախազությունն օժտված է պատիժների և հարկադրանքի այլ միջոցների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գործառույթով, Ն․ Հովհաննիսյանը բարձրացրել է հարց, թե արդյո՞ք դիտարկվում է դատախազության նախաձեռնությամբ հետևողականություն ցուցաբերելու և քրեական վարույթներ հարուցելու պրակտիկայի ընդլայնման անհրաժեշտությունը։
Այս համատեքստում կազմակերպության նախագահը պատրաստակամություն է հայտնել քրեակատարողական հիմնարկներ կատարած այցերի ընթացքում արձանագրված առավել մտահոգիչ իրավիճակների վերաբերյալ ամփոփաթերթ կազմել և տրամադրել դատախազությանը՝ միաժամանակ նաև դեմ առ դեմ հանդիպում ունենալու պատրաստակամություն հայտնելով։
Նա հույս է հայտնել, որ քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքի արդյունավետ ապահովման հարցում դատախազությունը կցուցաբերի առավել զգայուն և հետևողական ներգրավվածություն։
Միջոցառումն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։