24/07/2026
⚠️ Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։
⚠️ Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։
📌 2026 թ․ հուլիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ զինծառայողի մահվան դեպքում հարուցվել է քրեական վարույթ։ Արդեն այսօր՝ հուլիսի 23-ին հրապարակված տեղեկության համաձայն՝ համածառայակիցների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։
📊 Միայն 2026 թ․ ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել են ոչ մարտական պայմաններում 8 մահվան դեպքեր, որոնց մեծ մասի առնչությամբ, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրությունների, նախաձեռնվել են քրեական վարույթներ ՀՀ քրեական օրենսգրքի սպանության և ինքնասպանության հասցնելու հոդվածներով։
🛡️ Զինծառայողները, հատկապես ժամկետային զինծառայողները, գտնվում են Հայաստանի Հանրապետության անմիջական պատասխանատվության և հոգածության ներքո։ Պետությունը պարտավոր է ապահովել նրանց կյանքի իրավունքն ու անվտանգությունը, պաշտպանել նրանց պատիվն ու արժանապատվությունը։
⚖️ Ամենաբարձր պաշտոնական մակարդակով սեփական կյանքին վերջ տալու դեպքերի պատճառների մասին խոսելիս մարդու իրավունքների պաշտպանության փոխարեն խնդիրը տեղափոխվում է զոհի հոգեբանական դիմակայության դաշտ, ինչն ուղղակիորեն ոլորտում պետության պատասխանատվությունից խուսափելու, դեպքերի իրական պատճառներն ու հանգամանքները կոծկելու միտում է պարունակում։
🔎 Մինչդեռ, մահվան դեպքերի ուսումնասիրությունը փաստում է, որ ՀՀ զինված ուժերում բռնությունը, զինծառայողների նվաստացումը կրում է շարունակական բնույթ և դրսևորվում է ինչպես ֆիզիկական բռնությամբ, այնպես էլ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի տարբեր դրսևորումներով, ահաբեկմամբ, ինչպես նաև պաշտոնեական կամ փաստացի իշխանության երկարատև չարաշահմամբ։ Առավել մտահոգիչ է, որ զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունները և բռնությունը կարող են դրսևորվել տևական ժամանակ, ինչպես նաև զինծառայողների խմբային մասնակցությամբ՝ առանց պատշաճ վերահսկողության և կանխման մեխանիզմների պատշաճ կիրառման։
⚠️ Պատշաճ իրավական գնահատականի չի արժանանում նաև տևական ժամանակ ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկելու պրակտիկան, որը նախորդում է սեփական կյանքին վերջ տալու դեպքերի։ Ուսումնասիրությունը փաստում է, որ եթե բռնությունը չի ավարտվում մահվան դեպքով, անգամ եթե բռնարարները դատապարտվում են, ապա պայմանականորեն ազատվում են նշանակված պատժից՝ փորձաշրջանով։
❗ Փաստացիորեն բռնության դրսևորումները նորմալացվում են և չեն կանխարգելվում, ինչը փաստում է ոչ միայն հրամանատարական օղակներում ձախողումների և անգործության մասին, այնպես էլ մարդու իրավունքների պարտավորությունների գիտակցման և պաշտպանության շարունակական մտահոգիչ դրության մասին։
🔴 Ավելին, զինված ուժերում արձանագրված բռնության և մահվան դեպքերով չի իրականացվում պատշաճ, արդյունավետ և ժամանակին քննություն, ինչը հանգեցնում է ինչպես մեղավորների անպատժելիության, այնպես էլ տուժողների իրավունքների պաշտպանության ձախողման և դեպքերի կրկնության։ Պաշտոնական քննությունը սահմանափակվում է բացառապես կատարողների մակարդակով՝ չներառելով հրամանատարական պատասխանատվությունը։
📢 Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է ոչ թափանցիկ ու ոչ հաշվետու գործելաոճը՝ բավարար հանրային հաշվետվողականություն չցուցաբերելով մահվան դեպքերի և հանգամանքների շուրջ։ Չի իրականացվում ինքնասպանության և սպանության դեպքերի, բռնության դրսևորումների համակարգային պատճառների խորքային և համակողմանի ուսումնասիրություն, ինչպես նաև նման դեպքերի կանխարգելմանն ուղղված արդյունավետ բարեփոխումներ, ինչն էականորեն ազդում է զինված ուժերի նկատմամբ հանրային անվստահության խորացման։
📌 Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․
⚖️ Իրականացնել բռնության և մահվան հանգեցրած դեպքերով արդյունավետ քննություն, այդ թվում՝ պատշաճ իրավական գնահատական տալով հրամանատարական կազմի գործողություններին և անգործությանը։
🤝 Ապահովել մահացած զինծառայողների ընտանիքների իրավական, հոգեբանական և սոցիալական անվճար աջակցությունը, ինչպես նաև ներդնել մահվան դեպքին հաջորդող համալիր արձագանքման հստակ ընթացակարգեր տվյալ զորամասում, որոնք ներառում են համածառայակիցների անհապաղ հոգեբանական սքրինինգ և աջակցություն։
📞 Հնարավորություն ընձեռել զինծառայողներին դիմելու զինվորական հիերարխիայից դուրս գտնվող (քաղաքացիական) հոգեկան առողջության մասնագետների կամ շուրջօրյա անվճար թեժ գծերի՝ երաշխավորելով դիմելու փաստի լիակատար գաղտնիությունը։
🕊️ Զինված ուժերում իրականացնել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իրական և արդյունավետ բարեփոխումներ, այդ թվում՝ ապահովելով մարդու իրավունքների վերաբերյալ կանոնավոր և պարտադիր վերապատրաստումներ զինծառայողների, հրամանատարների համար՝ հատուկ շեշտադրելով խոշտանգման և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքը, բռնության կանխարգելումը և խոցելի իրավիճակում հայտնված զինծառայողների պաշտպանությունը։
🔍 Ամրապնդել բարձր ռիսկային իրավիճակների (ռիսկի գործոնների) վաղ բացահայտման ու մշտադիտարկման մեխանիզմները և ներդնել կանոնավոր ռիսկերի գնահատման ընթացակարգեր և մեխանիզմներ՝ ուղղված բռնության օրինաչափությունների, ոչ կանոնադրական հարաբերությունների, խմբային ահաբեկման, խոցելիությունների և բռնարար վարքագծի այլ դրսևորումների վաղ բացահայտմանը՝ նախքան դրանք կվերաճեն ծանր միջադեպերի։
📄 Հնարավորինս կարճ ժամկետներում իրականացնել բազմամասնագիտական ուսումնասիրություն՝ համակողմանի գնահատելու բռնության և ինքնասպանությունների առաջացման պատճառներն ու նպաստող գործոնները՝ ներառյալ նախորդ բռնության դեպքերի, հրամանատարական արձագանքների, հոգեբանական ռիսկերի և այլ ազդող հանգամանքների ուսումնասիրությունը, և այն հրապարակել։
🧠 Հզորացնել զինվորական հոգեբանների և այլ աջակցող ծառայությունների դերն ու կարողությունները՝ բռնության, նվաստացման, բուլինգի և ինքնասպանության ռիսկերի բացահայտման, փաստաթղթավորման և համապատասխան արձագանքման նպատակով։
🛡️ Զինված ուժերում երաշխավորել արդյունավետ հրամանատարական վերահսկողություն և հաշվետվողականություն:
Հայտարարության ամբողջական տեքստն ու այն ստորագրած կազմակերպությունների ցանկը՝https://prwb.am/wp-content/uploads/2026/07/Հայտարարություն-զինված-ուժերում-մահվան-դեպքերի-վերաբերյալ-3.pdf