13/08/2026
Shabat.news - ի անդրադարձը խաղային ոլորտի չլիցենզավորված շուկայի ակտիվացմանը ⤵️
Չլիցենզավորված խաղային շուկան ակտիվացել է. NAGO-ն ահազանգում է հնարավոր ռիսկերի մասին
Մի քանի ամիս առաջ Հայաստանում ընդունված օրենսդրական փոփոխություններով ներդրվեցին նոր կարգավորումներ, որոնք միտված են խաղացողների պաշտպանության, պատասխանատու խաղի քաղաքականության ամրապնդման և լիցենզավորված խաղային միջավայրի զարգացմանը։
Մասնավորապես, օրենքով նախատեսվել են ինքնաարգելափակման մեխանիզմներ, որոնց նպատակն է սահմանափակել ռիսկային խաղային վարքագիծը և բարձրացնել խաղացողների պաշտպանության մակարդակը։
Սակայն, Խաղային օպերատորների ազգային ասոցիացիայի (NAGO) տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ նոր կարգավորումների գործնական կիրառման ընթացքում ի հայտ են եկել մտահոգիչ միտումներ։
Ասոցիացիայի հաղորդմամբ՝ վերջին շրջանում հանրային տեղեկատվական և թվային հարթակներում առավել հաճախ են հանդիպում Հայաստանի քաղաքացիներին ուղղված չլիցենզավորված խաղային հարթակների **ուղիղ և հայալեզու** գովազդներ։
Շուկայի մասնակիցների դիտարկումներով՝ նման ակտիվությունն աճում է, ինչը, ըստ NAGO-ի, կարող է ազդել նոր կարգավորումների արդյունավետության վրա։
NAGO-ն նշում է, որ իր կողմից ներկայացված օրինակները ցույց են տալիս՝ ինքնաարգելափակման վերաբերյալ օրենքի ընդունումից հետո ակտիվացել է սև շուկան, իսկ չլիցենզավորված խաղային հարթակները սկսել են թիրախավորել այն խաղացողներին, որոնք ինքնաարգելափակման հետևանքով այլևս չեն կարող օգտվել լիցենզավորված օպերատորների ծառայություններից։
Ասոցիացիայի գնահատմամբ՝ այդ հարթակներում որևէ սահմանափակում չի գործում, ինչի հետևանքով վտանգվում է օրենքի հիմնական նպատակի իրագործումը։
Հաղորդագրության համաձայն՝ եթե նման միտումը շարունակվի, այն կարող է թուլացնել խաղացողների պաշտպանության մեխանիզմները, խաթարել արդար մրցակցային պայմանները, նվազեցնել պետական բյուջեի հարկային մուտքերը և սահմանափակել պատասխանատու խաղի պետական քաղաքականության արդյունավետությունը։
NAGO-ն կարևոր է համարում, որ իրավասու պետական մարմիններն ուշադրություն դարձնեն չլիցենզավորված խաղային հարթակների աճող ակտիվությանը, գնահատեն դրա հնարավոր ազդեցությունը նոր կարգավորումների արդյունավետության վրա և, անհրաժեշտության դեպքում, քննարկեն համապատասխան արձագանքման միջոցառումներ։
Միաժամանակ, ասոցիացիան ընդգծում է, որ անհրաժեշտ է շարունակաբար գնահատել նոր կարգավորումների գործնական արդյունքները և, անհրաժեշտության դեպքում, կատարելագործել դրանց կիրառման մեխանիզմները՝ ապահովելով, որ օրենքը լիարժեք ծառայի իր հիմնական նպատակին՝ խաղացողների պաշտպանությանը։
NAGO-ի համոզմամբ՝ պատասխանատու խաղի արդյունավետ քաղաքականությունը պահանջում է ոչ միայն ուժեղ օրենսդրական կարգավորումներ, այլև դրանց հետևողական կիրառում, արդյունավետ վերահսկողություն և հավասար կանոններ շուկայի բոլոր մասնակիցների համար։
Ասոցիացիան նաև հիշեցնում է, որ խաղացողների պաշտպանությունն ապահովվում է միայն լիցենզավորված խաղային միջավայրում։