26/09/2026
🎉🎉Հայ աշակերտները հատուկ մրցանակի են արժանացել ԵՄ երիտասարդ գիտնականների մրցույթում
🇦🇲 🇪🇺 2026թ․ սեպտեմբերի 22-27-ը Գերմանիայի Քիլ քաղաքում ընթանում է «Եվրոպական միության երիտասարդ գիտնականների 37-րդ մրցույթ»-ը, որին ներկայացված է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի երկու մրցանակակիր նախագիծ։
♻Մրցույթի շրջանակում «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի սովորողներ Հայկ Ղազարյանը, Տիգրան Ավանյանը և Հովհաննես Մանուկյանն արժանացել են «Շրջանաձև կենսահումքային Եվրոպա» համատեղ ձեռնարկության հատուկ մրցանակի (CBE JU Prize)՝ կենսատնտեսության ոլորտում։
🌽Հայ աշակերտների ներկայացրած «Էյրիֆայ» (Airify) նախագիծը նվիրված է եգիպտացորենի կեղևի կենսազանգվածի հիմքով կենսաքայքայվող և ինքնամաքրվող օդային ֆիլտրի մշակմանը՝ TiO₂-ի և «կանաչ» սինթեզով ստացված արծաթի նանոմասնիկների կիրառմամբ։
🍃Մրցույթին ներկայացված մյուս հայաստանյան նախագիծը կոչվում է «Խելացի բիոպլաստիկ»։ Նախագծի հեղինակներն են Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի սովորողներ Գարիկ Փանիկյանը և Նարեկ Պապոյանը։
🌍 Եվրոպական միության երիտասարդ գիտնականների մրցույթը (EUCYS) կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից 1989 թվականից ի վեր՝ համարվելով Եվրոպայում աշակերտական գիտական նախագծերի ամենահեղինակավոր մրցույթը։ Այս տարի մրցույթը համակազմակերպվում է Քիլի համալսարանի հետ՝ միավորելով 14-ից 20 տարեկան շուրջ 150 տաղանդավոր երիտասարդ գիտնականների՝ մոտ 40 երկրներից՝ հնարավորություն տալով ներկայացնել իրենց գիտական նախագծերը մասնագիտական ժյուրիին, լայն հանրությանը և իրենց հասակակիցներին՝ փոխանակելով գաղափարներով և սովորելով միմյանցից։
🌎 Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 9-ից 15-ը ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում տեղի ունեցած Regeneron ISEF 2026 միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառի եզրափակիչ փուլում «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում 3-րդ կարգի մրցանակի է արժանացել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի ևս մեկ մասնակից՝ ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանը:
🎉🎉Շնորհավորում ենք փառատոնի սաներին և մաղթում նորանոր նվաճումներ և գիտական բացահայտումներ։
❗Եթե դուք նույնպես աշակերտ եք, ունեք հետաքրքիր գիտական գաղափարներ և ցանկանում եք կիսել այն ձեր դպրոցի, հանրապետության և աշխարհի երիտասարդ գիտնականների հետ, շտապեք հայտ ներկայացնել «Հայկական համադպրոցական գիտության փառատոն – 2027» մրցույթին, որի մրցանակակիրները ևս հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց հետազոտությունները ԱՄՆ և ԵՄ երիտասարդ գիտնականների մրցույթներին։
🏛Հայկական համադպրոցական գիտության փառատոնը մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն նախաձեռնությամբ 2021 թվականին։ Այս տարի մարտի 28-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA-յում կայացավ թվով 6-րդ փառատոնը, որին մասնակցեցին շուրջ 140 սովորողներ Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 40 հանրակրթական ուսումնական հաստատություններից՝ ներկայացնելով 78 անհատական կամ խմբային գիտահետազոտական նախագծեր։
https://www.hesc.am/hy/2026/09/26/19411/