18/09/2026
«Սահմանախախտ» #21
Ֆրենկ Մալինա (1912–1981)
Հրթիռային ինժեներ, գիտության կազմակերպիչ, կինետիկ նկարիչ, «Լեոնարդո»-ի հիմնադիր
1936 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի երիտասարդ ինժեներ Ֆրենկ Մալինան համախոհների հետ սկսեց հրթիռային շարժիչների փորձարկումները։ Այս փորձերն էլ հիմք դրեցին Jet Propulsion Laboratory-ին (JPL), որի գլխավոր ինժեներն էր Մալինան, իսկ 1944–1946 թվականներին՝ գործող տնօրենը։
Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմը փոխեց ամեն ինչ․ տիեզերքը հետազոտելու համար նախատեսված հրթիռները վերածվեցին կործանարար զենքի։ Մալինան գիտակցեց, որ տեխնոլոգիաների զարգացումը չպետք է փակվի ռազմական լաբորատորիաներում․ այն պահանջում է բաց, միջազգային գիտական համագործակցություն։
1946-ին Մալինան հեռացավ JPL-ից, իսկ հաջորդ տարի տեղափոխվեց Փարիզ ու միացավ UNESCO-ին։ Նա ուսումնասիրում էր, թե ինչպես կարելի է հեշտացնել մասնագետների ու գիտական սարքավորումների տեղաշարժը տարբեր երկրների միջև, աշխատում էր Arid Zone Research Programme-ում, իսկ հետագայում ղեկավարեց Գիտական հետազոտությունների բաժինը՝ կազմակերպելով երկրների միջև բաց գիտական համագործակցություն։
1953 թվականին նա հրաժարվեց պաշտոնից ու սկսեց զբացվել արվեստով։ Նրա ընտրած ուղղությունը կինետիկ արվեստն էր․ որտեղ ոչ միայն գույնն էր կարևոր, այլև շարժումը, լույսն ու ժամանակը։ Այն տեխնոլոգիաները, որոնց հետ Մալինան աշխատել էր ինժեներական կյանքում, դարձան նրա արվեստի գործիքները։ Նա ստեղծեց ավելի քան 250 աշխատանք։
Ի հայտ եկավ նոր խնդիր․ գիտնականների համար գոյություն ունեին բազմաթիվ մասնագիտական ամսագրեր, որտեղ նոր գաղափարները ներկայացվում և քննարկվում էին, մինչդեռ նոր տեխնոլոգիաներով աշխատող արվեստագետները զուրկ էին նման հարթակից։
1968 թ․-ին Փարիզում նա հիմնեց «Լեոնարդո» ամսագիրը։ Գաղափարը պարզ էր․ արվեստագետները պետք է կարողանան իրենց աշխատանքը ներկայացնել նույն լրջությամբ, փաստարկվածությամբ ու մասնագիտական քննարկման միջավայրում, ինչ գիտնականները։ Այդպես «Լեոնարդո»-ն դարձավ արվեստի, գիտության և տեխնոլոգիայի հատման կետում գործող միջազգային պարբերական, որը մինչ օրս հրատարակվում է MIT Press-ի կողմից։