01/09/2026
Հարգելի՛ դասախոսներ,
կրթության և գիտության ոլորտի սիրելի՛ գործընկերներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։
Սեպտեմբերի 1-ը նոր ուսումնական տարվա սկիզբն է, բայց միևնույն ժամանակ՝ գիտելիքի, մտքի և կրթության նկատմամբ մեր հավատը վերահաստատելու խորհրդանշական օրը։ Ամեն տարի այս օրը մեզ հիշեցնում է, որ պետության կայուն ու արժանապատիվ ապագան կառուցվում է նախ և առաջ կրթված, գիտակից և պատասխանատու սերնդի միջոցով։
Բարձրագույն կրթությունն իր առաքելությամբ շատ ավելին է, քան մասնագիտության փոխանցումը։
Այս կարևոր առաքելության կենտրոնում դուք եք՝ դասախոսները։ Ձեր մասնագիտական գիտելիքը, տարիների փորձը, պահանջկոտությունն ու մարդկային վերաբերմունքը ձևավորում են ոչ միայն մասնագետների, այլև անհատների, քաղաքացիների ու ապագա առաջնորդների։
Սակայն կրթության բարձր որակի հիմքում նաև դասախոսի արժանապատիվ աշխատանքն է։ Գիտելիք ստեղծող և փոխանցող մասնագետը պետք է ունենա իր աշխատանքի նկատմամբ արժանի վերաբերմունք, արդար վարձատրություն, մասնագիտական զարգացման հնարավորություններ, աշխատանքային ու մասնագիտական իրավունքների լիարժեք պաշտպանություն և սոցիալական արժանապատիվ պայմաններ։
Որպես արհմիություն՝ մենք համոզված ենք, որ ուժեղ կրթական համակարգը հնարավոր չէ կառուցել առանց ուժեղ, պաշտպանված և արժևորված աշխատողի։ Մեր պարտավորությունն է շարունակել հետևողականորեն պաշտպանել բուհերի աշխատողների աշխատանքային և մասնագիտական իրավունքները, նպաստել արժանապատիվ աշխատանքի մշակույթի ամրապնդմանը և բարձրաձայնել այն խնդիրները, որոնք անմիջականորեն առնչվում են կրթության ոլորտի աշխատողի իրավունքներին ու բարեկեցությանը։
Այս կարևոր օրվա առթիվ շնորհակալություն ենք հայտնում ձեր նվիրումի, համբերության, հետևողականության և ամենօրյա մասնագիտական աշխատանքի համար։
Մաղթում ենք ամուր առողջություն, անսպառ եռանդ, ստեղծագործական նոր ուժ, մասնագիտական ձեռքբերումներ և ձեր աշխատանքի արդյունքներով հպարտանալու բազմաթիվ առիթներ։
Թող նոր ուսումնական տարին լինի նոր գաղափարների, հաջողությունների և առաջընթացի տարի։ Թող մեր բուհերում ավելի ամուր լինեն գիտելիքի, մասնագիտական ազատության, սոցիալական արդարության և արժանապատիվ աշխատանքի արժեքները։
Շնորհավո՛ր Գիտելիքի և դպրության օրը։
Շնորհավո՛ր նոր ուսումնական տարվա մեկնարկը։
Սիրով՝
Հայաստանի բուհերի արհմիության նախագահ Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ