12/10/2026
Մի ճամփորդ անցնում է անծանոթ գյուղի գերեզմանատան կողքով ու կարդում է տարեթվերը...
5 տ. , 3 տ. , 1 տ. , 5 ամիս, 1ամիս...
Անչափ հուզվում է...
Մտնում է գյուղ ու գյուղացիներին հարցնում, թե ինչ°ու մի ծեր մարդու տապանաքար չկար... բոլորը երեխաներ էին...
Գյուղացիները ասում են, որ այդ գերեզմանատանը բոլորը 80, 85, 90 տարեկան տարեց ննջեցյալներ են...
- ուղղակի մեր բոլորի որոշմամբ քարերի վրա գրվածը մարդկանց ապրած երջանիկ տարիների կամ ամիսների քանակն է...
Երջանկությու'ն...
Նրա համը կորչում է ակնկալիքների, տարիների, հնարավորությունների, հիասթափությունների, անվերադարձ գլորված անցյալի ու անորոշ ապագայի հորձանուտում...
Եթե մենք ունենայիք միայն այսօրը` մեկ օր ու մեկ հնարավորություն...
Նրա մեջ միայն երջանիկ լինելու զգացողությունը կկարեւորեինք...
Հաստատ անկուշտի նման կշնչեինք այս իրական օդը, շնչակտուր կսպասեինք արեւածագին ու գորովանքով կնայեինք մայրամուտին...
Կնկատեինք մեր մատները, կփորձեինք զգալ մեր սրտի զարկը, վայելել ներկա պահը...
Օրվա տեւողության մեջ չտեղավորվելու պատճառով` բոլորին հերթով մեր սրտում կգրկեինք ու կսիրեինք... ու բոլորի դերն ու կարեւորությունը կգիտակցեինք...
Եթե այսօրը վերջին օրը լիներ կյանքիս... մի պահ հաստատ կշփոթվեի, կշտապեի...ինքս իմ մեջ կփորձեի ապրածս կյանքի երջանիկ օրերը, ամիսներն ու տարինները հաշվել...
Հաստատ 51-ի մեջ անգիտակիցը շատ էր... աղմուկը` նույնպես...
Բայց միշտ վրա հասնող լռության ու փրկության մեջ` այստեղ լինելու, զգալու երջանկությունը գերիշխել ու արժեւորել է ամենը...
Ամեն օրս, ներկայությունս, շունչս մեծ երջանկություն ու աստվածային պարգեւ էր...
Ու եթե իմ միակ հնարավորությունը միայն այսօրը լիներ... ես` իմ ու բոլորի ներկայության, ապրածիս ու զգացածիս մեծ երջանկության ու շնորհակալության համը բերանիս` կապրեի այն...
Կհանդարտվեի... կխաղաղվեի... պահի լռության մեջ հետս կլինեի... տերս կլինեի... տունս կլինեի...
Կնայեի հայելու մեջ ու կփորձեի դաջվել հանգչող աչքերիս փայլի ու ջնջվող հիշողությանս մեջ որպես երջանիկ լույս...
Ես ինքս ինձ կճանապարհեի...
Կխնդրեի որ տապանաքարիս վրա գրվեր`
ԵՍ ԱՅՍՏԵՂ ԶՈՒՐ ՉԷԻ... ԵՐՋԱՆԻԿ ԷԻ...
Նաիրա Մանուչարյան