05/10/2026
Սերովբէ Սրբազանը այցելեց Քսանտէն
Շաբաթ, 26 Սեպտեմբեր 2026-ին, «Հայաստանի բարեկամներ» խմբի հրաւէրով Թեմիս առաջնորդ գերաշնորհ Տ․ Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը այցելեց Քսանտեն քաղաք։
Այցի շրջանակում Սերովբէ սրբազանը նախ հանդիպում ունեցավ Քսանտէնի «Սուրբ Վիկտոր» մայր տաճարի տեսուչ Շթեֆան Նոցի (Propst Stefan Notz) եւ կաթողիկէ ու ավետարանական եկեղեցիների այլ ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում նրանք հետաքրքրուեցին Հայ Եկեղեցու Գերմանիայի Թեմի համայնքային ու հոգեւոր կեանքի, ինչպէս նաեւ հայ առաքելական քրիստոնյաների ազգային-կրօնական աւանդութիւնների եւ սովորութիւնների, Գերմանիայում ազգային-հոգեւոր ինքնութեան պահպանման մարտահրաւէրների, գերմանական հասարակութեան մէջ նրանց համարկումի (Integration) մասին։
Հանդիպումից յետոյ կաթողիկէ մայր տաճարի տեսուչ Շթեֆան Նոցի ուղեկցութեամբ Թեմիս առաջնորդը այցելեց Քսանտէնի պատմական մայր տաճար՝ ծանօթանալով քաղաքի հարուստ քրիստոնեական ժառանգութեանը։
Այցի կարեւոր մասն էր Առաջնորդ սրբազանի հանդիպումը Քսանտէնի հայկական դպրոցի աշակերտների, ուսուցիչների, ծնողների հետ։ Սերովբէ Սրբազանը հանդիպեց աշակերտներին, զրուցեց նրանց հետ եւ պատասխանեց նրանց տարաբնույթ հարցերին։ Հանդիպումն անցաւ անմիջական եւ ջերմ մթնոլորտում՝ հնարաւորութիւն տալով երեխաներին իրենց հարցերը ուղղել Սրբազանին եւ ստանալ պարզ ու անմիջական պատասխաններ։ Սրբազանը աշակերտների հետ զրոյցում քաջալերեց նրանց ոչ միայն դպրոցում լաւ սովորել, այլ սովորել ու օգտագործել նաեւ հայերէնը, որը քրիստոնէական հաւատքի հետ միասին մեր ինքնութեան երկու հիմնասիւներից մէկն է։
Ուսուցիչների եւ ծնողների հետ առանձին զրոյցի ընթացքում քննարկուեց նաեւ Քսենտէնում եւ շրջակայքում ապրող հայ ընտանիքների հոգեւոր կեանքի առաւել կազմակերպուած ու շարունակական ուղեկցութեան անհրաժեշտութիւնը։ Մասնաւորապէս անդրադարձ եղաւ այն հարցին, թէ ինչպէ՞ս կարելի է կանոնաւոր պարբերականութեամբ ապահովել հայկական սուրբ պատարագների մատուցումը Քսենտէնում։ Առաջնորդ սրբազանը խոստացաւ այս առնչութեամբ լուծումներ փնտրել։ Սրբազանն ընդգծեց, որ Թեմի համար կարեւոր է հոգեւոր առաքելութիւն իրականացնել ոչ միայն արդէն իսկ գործող համայնքներում, այլեւ հասանելի լինել Գերմանիայի տարբեր քաղաքներում բնակուող հայ ընտանիքներին։
Օրուայ աւարտին Սերովբե Սրբազանը շնորհակալութիւն յայտնեց բոլոր կազմակերպիչներին հրաւէրի եւ այցը կազմակերպելու, համայնքի եւ դպրոցի հետ հանդիպելու, ինչպես նաեւ երկխօսութեան հնարավորութիւն ընձեռելու համար։