29/07/2026
📖Ուրախությամբ հայտնում ենք, որ պատրաստվում ենք նշել Շուշանիկ Կուրղինյանի ծննդյան 150-ամյակը։
Դեռևս տարեսկզբին «Արդարության նոր մշակույթ» ՀԿ-ի և Գրականության և արվեստի թանգարան /Museum of Literature and Arts/-ի միջև կնքվել էր համագործակցության հուշագիր՝ սկիզբ դնելով մեր հրաշալի համագործակցությանը։
Շուշանիկ Կուրղինյանի 150-ամյակին նվիրված համատեղ ծրագրի շրջանակներում, այս տարվա հոկտեմբերին Գրականության և արվեստի թանգարանում կբացվի հատուկ ցուցադրություն, որը հնարավորություն կտա հանրությանը նորովի ճանաչելու մեծ գրողին, հասարակական գործչին և իր ժամանակի ամենահամարձակ կանանցից մեկին։
Շուշանիկ Կուրղինյանը պարզապես բանաստեղծ չէր, նա իր ժամանակը ճեղքած կին էր՝ համարձակ, ազատամիտ, արդարության ջատագով։ Կուրղինյանի ստեղծագործություններն ու գաղափարները մինչ օրս շարունակում են հնչել արդիական, իսկ գրական ժառանգությունը պատմում է մի ամբողջ ժամանակաշրջանի, կանանց պայքարի, արժանապատվության և սոցիալական արդարության մասին։
Շուշանիկ Կուրղինյանի 150-ամյակը ոչ միայն հիշելու, այլև նրա գաղափարները նոր սերունդներին փոխանցելու, նրա ձայնը կրկին լսելի դարձնելու և նրա թողած ժառանգությունը արժևորելու բացառիկ հնարավորություն է։
Ծրագիրն իրականացվում է «Արդարության նոր մշակույթ» ՀԿ-ի և Գրականության և արվեստի թանգարանի համագործակցությամբ՝ Calouste Gulbenkian Foundation - Armenian Communities-ի ֆինանսական աջակցությամբ։
Արդեն սկսվել են ծրագրի ամենապատասխանատու աշխատանքները․ վերականգնվում և վերծանվում են Շուշանիկ Կուրղինյանի ձեռագրերը, ուսումնասիրվում են նրա անձնական իրերն ու արխիվային նյութերը։ Յուրաքանչյուր վերականգնված էջ, յուրաքանչյուր պահպանված փաստաթուղթ մեր մշակութային հիշողության վերականգնված մի մասնիկն է, որը նոր կյանք է ստանում և կրկին դառնում հանրային սեփականություն։