17/07/2026
Հուլիսի 14-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացավ ՓՄՁ զարգացման խորհրդի 31-րդ նիստը։
Օրակարգի առաջին հարցի շրջանակում Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը ներկայացրեց Խորհրդի նախորդ որոշումների կատարման ընթացքը։ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչ Աննա Պետրոսյանը ներկայացրեց առևտրային ցանցերի և մատակարարների միջև վճարային պարտավորությունների կատարման մոնիտորինգի արդյունքները։
Քննարկվեցին վճարումների ժամանակին ապահովման մեխանիզմները, նման կարգավորումները հանրային սննդի ոլորտում կիրառելու հնարավորությունը, ինչպես նաև առևտրային ցանցերում դարակաշարերի դասավորվածության բարելավումը՝ ՓՄՁ արտադրողների շահերի տեսանկյունից։
🔹Քննարկվեց նաև Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030 թվականների ռազմավարության իրականացման կառավարման մոդելը։ Այն լրացուցիչ կքննարկվի ենթախորհրդի նիստում։
🔹 Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր արտադրական նշանակության հողերի՝ վերականգնվող էներգետիկայի նպատակներով օգտագործումը դյուրացնելու նախագծին, որով առաջարկվում է պարզեցված կարգով թույլատրել համապատասխան շենքերի և շինությունների կառուցումն ու սպասարկումը։