26/12/2018
2012 թ.-ին ԵՄԻԿ ՊՈԱԿ-ը սկսել է իր աշխատանքները՝ հաշվի առնելով երիտասարդության ոլորտի բացերը: Այստեղ ի սկզբանե համախմբվել են երիտասարդներ, ոլորտի իրական մասնագետներ, ովքեր հավատացել են գաղափարին և աշխատել են լուռ: Որ այսօր երիտասարդական ոլորտի բնաջնջում է սկսվել անհասկանալի և անընդունելի է:
Խնդիրը հնարավոր է առավել խորքային է և պարզաբանումների կարիք վաղուց ունի, սակայն երբ առանց որևէ պարզաբանման երիտոլորտում նմանօրինակ անորոշ փոփոխություններ են տեղի ունենում, օրհասական է խնդրի շուրջ սեղմ ժամկետներում բացատրություններ տալը՝ ԵՄԻԿ ՊՈԱԿ-ում Դատախազության կողմից հոկտեմբերին իրականացված ուսումնասիրությունները, որի արդյունքները դեռևս բացակայում են և հաշվի առնելով վերջերս Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված նախարարությունների օպտիմալացման շուրջ քննարկումները, այն դեպքում, երբ անընդհատ խոսվում է երիտասարդության դերի մասին, իսկ օպտիմալացված նախարարությունների ցանկում որևէ տեղ երիտասարդության բաղադրիչը ներառված չէ ԵՄԻԿ ՊՈԱկ-ի թիմը այլևս չարձագանքել չի կարող։
Երիտասարդական Միջոցառումներ Իրականացման Կենտրոնը դեռ անհամբեր սպասում է Դատախազության ուսումնասիրությունների արդյունքներին, որից պարզ պետք է դառնա cragrer.am կայքի շուրջ, ոլորտի փորձագետների մասով պտտվող արձագանքների պատշաճությունը, այդ ուսումնասիրությունների արդյունքում նաև պարզ պետք է դառնա՝ արժե՞ր արդյոք նմանօրինակ համակարգի աշխատանքների դադարեցումը, տվե՞ց այդ ամենը որևէ արդյունք:
Երիտասարդական ՀԿ-ներին դրամաշնորհների տրամադրման լավագույն գործիք, ոչ միայն տեղական, այլ միջազգային մասշտաբով:
Յուրաքանչյուր քայլ պետք է ունենա իր տրամաբանական հաջորդականությունը: Այս ամենից ելնելով՝ մի քանի հարց, որոնց վերաբերյալ ակընկալում ենք հստակ պատասխաններ.
1. Ի վերջո որևէ մարմին զբաղվելո՞ւ է երիտասարդության հարցերով, թե՞ ներկայումս էլ հաստիքներ են լինելու ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում, որտեղ «անտեսանելիորեն» կզբաղվեն երիտասարդության հարցերով:
2. Ինչպե՞ս է կազմակերպվելու այն գործիքների պահպանումը, որոնք ստեղծվել են երիտասարդների կողմից երիտասարդների համար, և տարիների ջանքի ու եռանդի արդյունք են:
3. Ինչպե՞ս է պահպանվելու այսքան կարևոր erit.am երիտասարդական պորտալը: «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊՈՐՏԱԼԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԵՄԻԿ ՊՈԱԿԸ: Ծրագրի նպատակն է՝ երիտասարդության գործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ հավաքել տեղեկատվություն, մշակել ու erit.am կայքի միջոցով տարածել հասարակության, մասնավորապես՝ երիտասարդության շրջանում, ապահովել cragrer.am առցանց դրամաշնորհային համակարգի անխափան աշխատանքը, խթանել երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող հահասարակական կազմակերպությունների գործունեությունը: Պահպանվելո՞ւ են այս գործիքները, թե՞ սրանց կարիքը նույնպես չկա:
4.Ի՞նչ ֆորմատով և ոլորտի ինչպիսի՞ կառույցների, կազմակերպությունների կամ մասնագետների հետ քննարկումների, ուսումնասիրությունների արդյունքում է որոշվել երիտասարդության բաղադրիչը դուրս թողնել, գուցե նոր Կառավարությունն էլ, հիմնականում համալրված լինելով երիտասարդներով, պարզապես մոռացե՞լ է երիտասարդության մասին, կա՞ արդյոք լրացուցիչ հիշեցման կարիք։
Հարցերը շատ են, իսկ պատասխաներ վաղուց ենք ակնկալում: Մենք համբերատար, առանց ավելորդ քայլերի, առանց մասսայական աղմուկների, փորձել ենք քննարկել, հասկանալ իրողությունը, միակ բանը, որ մինչ այժմ Երիտասարդական Միջոցառումների Իրականացման Կենտրոն ՊՈԱԿ-ը ակնկալում է, փաստարկված քննարկումն է երիտասարդության ոլորտում կատարվող յուրաքանչյուր քայլի վերաբերյալ: Մեծ ներուժ ունենք, որը չի պատրաստվում աչք փակել ու սպասել վերջնական ոչնչացման: ՊՈԱԿ-ը ոլորտը երբեք չի դիտարկել ու չի դիտարկելու անձերի պրիզմայով, սա անձերի ոլորտ չէ, սա կայացած, իր ուրույն տեղն ունեցող ոլորտ է, որտեղ միայն ու միայն լավ աշխատանքներ են իրականացվել, իրականացվում ու պետք է իրականացվեն: Իսկ մոռանալ երկրի շարժիչ ուժի՝ երիտասարդության մասին, արհամարհանքով լցվել ոլորտի, ոլորտը կայացնողների հանդեպ, որևէ նորմով չի կարող արդարացվել։