25/07/2026
24.07.2026թ․-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի է ունեցել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» կորպորացիայի կողմից ներկայացված՝ Սոսեի փ. հհ. 32-38 հասցեում «Հայաստանի ամերիկյան համալսարանի գիտությունների, ճարտարագիտության և արվեստի մասնաշենքի կառուցում» նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը, որին ներկա են եղել «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներ Արմեն Քոչարյանը և Աննա Ավետիսյանը։
Շինությունը բաղկացած է լինելու 10 հարկերից, որից 6-ը վերգետնյա է, 3-ը՝ կիսանկուղային, և 1 հարկը ծառայելու է որպես ավտոկայանատեղի՝ 55 ավտոմեքենայի համար, այն դեպքում, երբ շինությունը նախատեսված է 1500 ուսանողի համար։ Ավագանու անդամները կառուցապատողին առաջարկել են վերանայել ավտոկայանատեղիի համար հատկացված տարածքը՝ այն ավելացնելով։
Հողատարածքի ընդհանուր մակերեսը 3953 քմ է, կառուցապատմանը՝ 3065 քմ, կանաչապատմանը՝ 530 քմ։
Շենքում տեղակայվելու են լսարաններ, լաբորատորիաներ, դահլիճներ։