05/08/2026
🚀 «Ապագան կերտողները» շարքի այսօրվա մեր հերոսուհին 15-ամյա Մանեն է՝ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքից։ Պատանի, ով վստահ է՝ ինքն այն մարդկանցից է, ով կարող է այս աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնել։ ✨
Մանեի հետաքրքրությունների շրջանակը շատ լայն է՝ դաշնամուր, ընթերցանություն, ազգային երգ ու պար։ Դեռ փոքրուց, պապիկից ոգեշնչվելով, սիրել ու սկսել է դհոլ նվագել: Բայց նրա ամենամեծ հետաքրքրություններից մեկը տոհմաբանությունն ու ազգային արմատների ուսումնասիրությունն է։ Իր նախնիների պատմությունն ուսումնասիրելիս՝ նա Խաչիկ Դաշտենցի վկայություններում հայտնաբերել է, որ իրենց արմատները Մուշից են, ինչով էլ հումորով արդարացնում է իր ըմբոստ բնավորությունը 🗣️
Մանեի ամենամեծ երազանքն ապահով ու պատմական Հայաստան կերտելն է․․․ 🇦🇲
Համայնքի զարգացման գործում Մանեն հավատում է սեփական օրինակով առաջնորդելուն։ Նա ակտիվորեն մասնակցում է տարբեր ծրագրերի՝ ցույց տալով, որ հանրային ակտիվությունն օգտակար է։ Մանեն ցանկանում է Կարմիրգյուղում հիմնել ժամանակակից գրադարան։ Մի վայր, որտեղ կլինի ոչ միայն պարբերաբար թարմացվող գրականություն, այլև հայկական մշակույթի և պատմության հազվագյուտ, հաճախ անհասանելի գրքեր։ Նա վստահ է, որ նոր գրականությունն ու գրքերի քննարկումները կարթնացնեն երիտասարդների հետաքրքրությունը և կստեղծեն ավելի ակտիվ ու միասնական հասարակություն 📚
«Դեպի բարձունքը» Մանեի համար դարձավ այն միջավայրը, որտեղ նա գտավ համախոհների ու սկսեց ավելի շատ արժևորել ազգայինը։ Լինել դեպիբարձունքցի՝ նրա համար նշանակում է լինել ձգտող, պատրաստ ժամանակի մարտահրավերներին և հասկանալ ամենակարևորը. եթե մենք միասին չանենք, մեր փոխարեն ոչ ոք չի անի 💜
🗝️ Ամենատարբեր իրավիճակներում Մանեն առաջնորդվում է Րաֆֆու իմաստուն խոսքերով. «Մի մարդու թե՛ բարոյական, և թե՛ մարմնական տգեղությունները այնքան նշմարելու չեն լինում, երբ նրան նայում ես բարեկամի աչքերով»։
👉 Թերթե՛ք լուսանկարները՝ կարդալու Մանեի մտքերն ու նրան ավելի մոտիկից ճանաչելու համար։