03/08/2026
Երբ տուժողի հեռախոսը դառնում է «իրեղեն ապացույց», ո՞վ է մտածում նրա անվտանգության մասին։
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊-֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Մեր կազմակերպության գործունեության ընթացքում առաջին անգամ բախվել ենք մի իրավիճակի, որը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
🔴Ընտանեկան բռնության ենթարկված անձի բջջային հեռախոսը քննիչի կողմից վերցվել է որպես իրեղեն ապացույց։ Խոսքը ոչ թե հեռախոսում առկա տվյալների պատճենահանման կամ զննության, այլ հենց սարքի առգրավման մասին է։ Միաժամանակ տուժողին չի տեղեկացվել, թե երբ և ինչ պայմաններում այն կվերադարձվի։
✅️Չենք վիճարկում, որ քրեական վարույթի ընթացքում օրենքը կարող է նախատեսել իրեղեն ապացույցների առգրավման հնարավորություն։ Սակայն իրավական ցանկացած միջամտություն պետք է համապատասխանի ոչ միայն օրինականության, այլև անհրաժեշտության և համաչափության սկզբունքներին՝ հատկապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է ընտանեկան բռնությունից տուժած անձին։
🔴Այս դեպքը մի շարք կարևոր հարցեր է առաջացնում։
✅️Արդյո՞ք այս կարգավորումները մշակելիս կամ կիրառման մեթոդաբանությունը սահմանելիս հաշվի են առնվել ընտանեկան բռնության գործերի առանձնահատկությունները։
✅️Արդյո՞ք խորհրդակցություններ են իրականացվել շահագրգիռ լիազոր մարմինների, ոլորտում գործող մասնագիտացված կազմակերպությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և տուժած անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների հետ։ Եթե այո, ապա ինչպե՞ս են գնահատվել այն ռիսկերը, որոնք առաջանում են, երբ տուժողը փաստացի զրկվում է իր հիմնական կապի միջոցից։
☀️Բջջային հեռախոսն այսօր պարզապես տեխնիկական սարք չէ։ Այն անվտանգության, պաշտպանության և օգնություն ստանալու կարևորագույն միջոց է։
Առանց հեռախոսի՝
➡️ մենք չենք կարողանում կապ պահպանել շահառուի հետ և ապահովել իրավական ու սոցիալական աջակցությունը,
➡️ նախաքննություն իրականացնող մարմինն ինքն էլ չի կարողանում անհրաժեշտության դեպքում արագ կապ հաստատել տուժողի հետ կամ հրավիրել նրան քննչական գործողությունների,
➡️գործատուն չի կարող կապ հաստատել աշխատանքի ընդունման կամ աշխատանքի հետ կապված հարցերով,
➡️բժիշկը կամ բուժհաստատությունը չի կարող անհրաժեշտության դեպքում կապ հաստատել,
➡️վտանգի դեպքում տուժողը զրկվում է ոստիկանություն, շտապ օգնություն կամ իրեն աջակցող անձանց անմիջապես դիմելու հնարավորությունից,
➡️իսկ եթե բռնարարն անտեսում է պաշտպանության միջոցները, խախտում է սահմանված արգելքները, փորձում է մոտենալ տուժողին կամ երեխային, ապա հեռախոսի բացակայությունը կարող է իրական և լրացուցիչ վտանգ ստեղծել։
🔴Այս իրավիճակը նաև մեկ այլ կարևոր հարց է առաջացնում.
🟥Արդյո՞ք նախաքննություն իրականացնող մարմինների աշխատակիցները բավարար մասնագիտական պատրաստվածություն և զգայունություն ունեն ընտանեկան բռնության գործերի առանձնահատկությունների վերաբերյալ։
✅️Մենք որևէ կերպ կասկածի տակ չենք դնում արդյունավետ նախաքննության անհրաժեշտությունը։ Սակայն քրեական արդարադատության նպատակները չեն կարող իրականացվել տուժողի անվտանգության և հիմնարար իրավունքների հաշվին։
Հնարավո՞ր չէ նման դեպքերում կիրառել ավելի համաչափ լուծումներ՝ օրինակ օրենքով սահմանված կարգով ամրագրել հեռախոսում առկա տվյալները, կատարել դրանց պատճենահանում կամ թվային զննություն՝ առանց տուժողին երկար ժամանակով զրկելու իր հիմնական կապի միջոցից։
🗣Վերջում ցանկանում ենք բարձրաձայնել մի հարց, որի պատասխանը, մեր համոզմամբ կարևոր է բոլորիս համար.
🔴Եթե վտանգի պահին ընտանեկան բռնությունից տուժած անձը հեռախոս չունենա, որովհետև այն ճանաչվել է իրեղեն ապացույց և գտնվում է նախաքննության մարմնում, ո՞վ է կրելու այդ որոշման հնարավոր հետևանքների պատասխանատվությունը։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia
ՀՀ քննչական կոմիտե
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն